Pastinfo.am-ը գրում է.

«Կարող եմ երաշխավորել, որ կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի  երաշխավորվի դատարանների անկախությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Վերջինիս համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ։ ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված և հասկանալի։ Դրանով իսկ ըստ Վարդազարյանի՝ կապահովվի դատավորների անկախությունը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Վարդազարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունները վեթթինգ իրականացնելու հարցում հետ քայլ են կատարել. «Միգուցե շեշտադրումները փոխվեցին, միգուցե վեթթինգ անվանմամբ չէ այդ գործառույթը լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն։ Ավելի մատչելի կդառնա դատավորների գործունեությունը և հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ, այդ թվում նաև եկամուտների և գույքի հայտարարագրումը»։

Ռուբեն Վարդազարյանը զերծ մնաց կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝  նշելով, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում։ Վարդազարյանը ծանոթացել է Վահե Գրիգորյանի նամակին, սակայն դրա վերաբերյալ նույնպես կարծիք չհայտնեց։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, որ դատական համակարգն անտեր է եղել, դատավորներն էլ տեր են փնտրել իրենց համար, Վարդազարյանն ասաց, որ այս  պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո Ռուբեն Վարդազարյանը միակ դատավորն է եղել, որ ասել է՝ պատրաստ է հրաժարական տալ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այդ ժամանակ  ԲԴԽ նախագահի պաշտնը ստանձնելու հեռահար նպատակ ուներ..«Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի, ինձ քվե կտան, թե ՝ոչ։ Ես հպարտ եմ, որ իմ գործընկերներն ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար», - նկատեց Վարդազարյանը։

Հարցին՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը համարում է դատավորի անկախությունը խոչընդոտելու փորձ, ԲԴԽ նախագահն ասաց. «Դավիթ Գրիգորյանը կներկայացնի տեղի ունեցածը, որից հետո իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Այս պահին կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, այն տեղեկատվությունը, որն ունի Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին որևէ խոչընդոտ չի նկատում, դրա համար էլ հատուկ հրավիրել են Դավիթ Գրիգորյանին, որպեսզի վերջինս ներկայացնի ստեղծված իրավիճակը»։

Լրագրողի այն հարցին՝ պրակտիկայում հիշո՞ւմ է դեպք, երբ դատավորի աշխատակազմից միաժամանակ երեք համակարգիչ առգրավվի և փաստաթղթեր, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ փաստաթղթերի, քաղաքացիական և քրեական գործերի առգրավում հիշում է, բայց համակարգչի առգրավում պրակտիկայում չի հիշում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը փակ, գաղտնի քվեարկությամբ 8 կողմ և  1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ԲԴԽ նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել