Տիկին Ռևազյան, ամբողջությամբ ունկնդրեցի Ձեր հարցազրույցը, լսելով, որ լրագրողներից ոմանք գոհ էին Ձեր 1 տարվա պաշտոնավարումից: Ինքս էլ ունենալով 19 տարվա ավիացիոն փորձ՝ կցանկանայի առարկայական վերլուծել Ձեր հարցազրույցի որոշ դրվագներ, ինչքան որ հասցնեմ, վերջում կտամ 2 հարց։ Facebook-ի ընկերներիս կխնդրեի like դնել և share անել իմ գրածը, եթե այն հավանեք։ Նախօրոք ներողամիտ եղեք գրածիս շատ երկար լինելու համար։

1) 01։37-ից սկսած ասում եք․ «Բոլորը գիտեն, թե ՔԱԿ-ը զբաղվում է ավիատոմսերի գներով… Ընդհանրապես՝ ոչ։ Մենք կանոնակարգում ենք օդային ոլորտը՝ համաձայն միջազգային ստանդարտների, թռիչքային անվտանգությունն ա մեր հիմնական գործառույթը»:

Հարցս՝ շատ լավ, իրապես ՔԱԿ-ի կանոնադրության մեջ միայն դա է նշված։ Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք բյուջեի հաշվին Ձեր բազմաթիվ գործուղումները և հանդիպումները Ryanair-ի, Easyjet-ի Wizzair-ի, Goindigo-ի, անցած տարի՝ չինական Alibaba-ի հետ: Ո՞րն է դրանցում ոլորտի կարգավորումը կամ թռիչքային անվտանգությունը:

2) 04։10-ից սկսած մինչև 05։15-ը Դուք ասում եք, որ Սինգապուր գնացիք, որտեղ հավաքվել էին ևս 20 երկրների ՔԱԿ-երի ղեկավարներ, նաև Boeing-ը «Ամերիկայում գրանցված ա», հետևաբար, հանդիպեցիք Ամերիկայի, Ինդոնեզիայի և Եթովպիայի Civil Aviation Athority (CAA)-ների ղեկավարների հետ, որպեսզի հասկանաք, թե «իրանք ինչով են անցել, ոնց ա այդ ամենը եղել, այդ ինֆորմացիաները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի մենք կարողանանք մեր թռիչքային անվտանգությունն ապահովել, ոչ մենակ մամուլով առաջնորդվենք…»:

Մեկնաբանությունս․ հավաքին մասնակցելուց հետո հասկացա՞ք՝ իրականում ինչ է եղել, վերադառնալուց հետո որևէ գրավոր կարգադրություն արեցի՞ք այդ թեմայով: Գիտե՞ք, որ գոյություն ունի ICAO-ի հատուկ պահանջ/կանոնակարգ նման դեպքերի համար, որ և՛ օդանավի արտադրող երկրի CAA-ն, և՛ վթարի ենթարկված երկրի CAA-ն պարտավորված են ամենժամյա ռեժիմով պաշտոնական հաղորդագրություններ տարածել ICAO-ի անդամ երկրների իրեն պատասխանատուներին, նման դեպքի և նրա հետ կապված զարգացումների մասին տեղեկացնել համաշխարհային ավիացիոն հանրությանը: Այդ ո՞ր 20 երկրների CAA ղեկավարներն էին գնացել Սինգապուր, նաև Դուք, և մնացյալ ո՞ր «ոչ խելացի» 170 երկրների CAA-ները անուշադրության են մատնել այդ հույժ կարևոր հավաքը: Նախընտրելով հանգիստ սպասել և կարդալ զարգացումների մասին՝ անհրաժեշտության դեպքում զանգահարել…

3) 05։30- ից Վրաստան-Ռուսաստան սրված հարաբերությունների պահով ասում եք․ «Բոլոր ավիաընկերություններին հրավիրեցինք, որ ուղիղ չվերթներ ավելացնեն դեպի Մոսկվա։ Իհարկե, դա նույնպես մեր գործառույթը չէ»:

Հարցս․ եթե Ձեր գործառույթը չէ, ապա ինչո՞ւ եք դրանով զբաղվում: Ինչքանով ես գիտեմ, դա մտածել և իրականացրել է լրիվ այլ կառույց…

4) 08։00-ից ասում եք, որ շատ կարևոր է ՔԱԿ-ի աշխատակիցների կրթությունը, որ մենք այն պետությունը չենք, որ աջ ու ձախ փողեր ծախսենք, ու էն արդյունքը, որ ես շատ եմ ճամփորդել, բերել ա նրան, որ Սինգապուրի CAA-ը, Չինաստանի CAA-ը, Ֆրանսիայի Թուլուզի ENAC-ն անվճար կրթություն են տրամադրել մեզ:

Մեկնաբանությունս․ ՔԱԿ-ի կադրերի համար անվճար կրթության առաջարկները բոլոր առաջադեմ ավիացիոն երկրների կողմից միշտ էլ եղել են նախկին ՔԱԿ-երին, ուղղակի այդ նախկինները լավ գիտեին, որ ուսուցումը ձրի է տրամադրվում, բայց ուղևորությունը և կացությունը՝ գումարով, և նման առաջարկներից օգտվել են հազվադեպ` բյուջեի գումարները խնայելու նպատակով։

5) 10։30-ից ասում եք, որ Կոպենհագենի օդանավակայանի թիմն աշխարհի ամենաուժեղ թիմն ա, որ կարողանում ա նոր ուղղություններ զարգացնի:

Մեկնաբանությունս․ նոր ուղղությունների զարգացման հարցերով ընդհանրապես զբաղվում են ավիաընկերությունների կոմերցիոն տնօրինության մասնագետները, օդանավակայանների «թիմը» լրիվ ուրիշ գործառույթներ ունի։

6) 11:49-ից սկսած ասում եք, որ Ձեր ձեռքբերումների մեջ է մտնում CAPA ընկերության Հայաստանի ավիացիոն հնարավորությունների մասին ուսումնասիրությունա պատրաստել (նախկինում 3 ամիս առաջ դրա մասին նույպես ասել եք) և դա ուղարկելը «ամբողջ ավիացիայում որոշում կայացնողներին»:

Մեկնաբանությունս․ CAPA-ի պաշտոնական էջում վերջին գրառումը Հայաստանի մասին եղել է 16/05/2017-ին։ Հայաստանի նախագահը հանդիպել է Qatar Airways-ի CEO-ի հետ, այլ նշումներ մինչ օրս չկան…

7) 14:00-ից սկսած ասում եք, որ նոր ավիաընկերություններ դրսից բերելու համար օդի տուրքը պետք է հանվի, և օդանավակայանի գները շատ բարձր են, պետք է հանվեն և իջեցվեն դրանք նոր ուղղությունների համար:

Մեկնաբանությունս․ մեր նախաձեռնող թիմի բիզնես ծրագրում նշված էր 3 նոր ուղղություն` Երևանից դեպի Ամստերդամ, Բրյուսել և Հռոմ, մեր թիմը խնդրում էր հանել օդի տուրքը և օդանավակայանի սակագներն իջեցնել մոտ 75 տոկոսով։ Դուք փետրվարին կատեգորիկ մերժեցիք, ասացիք, որ դա հնարավոր չէ, իսկ հիմա օտարերկրյա փոխադրողների համար նման թույլտվությո՞ւն եք պահանջում…

Ձեր տված հարցազրույցի երկրորդ մասին չանդրադառնամ ժամանակի սղության պատճառով։ Վերջում տամ իմ 2 հարցերը․

ա) Ձեր կենսագրության մեջ, որի հիման վրա ձեզ նշանակեցին ՔԱԿ նախագահ, և որը դրված է ՔԱԿ կայքում, որևէ բառ չկա` ավիացիա, ավիա, օդ, օդանավակայան: Ձեր աշխատանքային ստաժը սկսվում է 2013թ.-ից մինչ անցած տարվա նշանակումը, այսինքն՝ 5 տարի, մինչդեռ մայիսի 13-ի «Նովոստի Արմենիա»-ին տված ձեր հարցազրույցում 23-րդ րոպեից սկսած լրագրողի հարցին պատասխանում եք, որ ունեք 12 տարվա ավիացիոն փորձ։ Կբացատրե՞ք այդ 5 տարվա և 12 տարվա տարբերությունը: Եվ ընդհանրապես, որտե՞ղ կարելի է կարդալ Ձեր ավիացիոն փորձի մասին:

բ) Արդյո՞ք Դուք ազատորեն գրում և կարդում եք հայերեն: Եվ արդյո՞ք «Լեզվի մասին» օրենքի հետ ձեր նշանակումը որևէ խնդիր չունի: Որպես վերջաբան նշեմ, որ բարձր եմ գնահատում անգլերեն լեզվի ձեր իմացությունը:

Հարգանքով` Նավիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել