Գանգրահեր այս գեղեցկուհին` մինչև ականջները հասնող ժպիտով, բոլորին հայտնի դարձավ «Սիրունիկը» ֆիլմից հետո, որտեղ Ջուլյան մարմնավաճառի դեր էր տանում, որին սիրահարվում է հաջողակ բիզնեսմեն Ռիչարդ Գիրը: Այս դերի համար Ջուլյա Ռոբերտսը 1991-ին ստանում է իր առաջին Օսկարը և իհարկե աննկարագրելի փառք:

Ջուլյա Ֆիոնա Ռոբերտսը ծնվել է 1967թ. ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում: Նրա ծնողները փոքրիկ խանութ ունեին` «Դերասաններ և գրողներ», ինչը Ջուլյային հնարավորություն էր տալիս դեռ փոքրուց շփվելու ռեժիսորների, դերասանների, արվեստի ներկայացուցիչների հետ: Ջուլյայից առաջ կինոարվեստով հետաքրքրվեց նրա եղբայրը` Էրիկ Ռոբերտսը, ով իր առաջին դերը ստացավ, երբ Ջուլյան դեռ 11 տարեկան էր:

«Ես պատկերացնում էի, որ մի օր հրաշք կկատարվի, և էրիկն իր ընկերների հետ միասին կգա իմ ետևից մեքենայով, և ես պորտֆելով կգնամ նրանց հետ ընթրելու»,- իր մանկական երազանքի մասին պատմում է Ռոբերտսը: Ընտանիքում նա երրորդ երեխան էր Էրիկից և Լիզայից հետո:

Երբ Ջուլյան դեռ 4 տարեկան էր, ապագա աստղի մայրը բաժանվեց ամուսնուց: Հայտնվեց երեխաների նոր «հայրը»` թատերական քննադատ Մայքլ Մոզեսը: Սկսվեցին Ջուլյայի դաժան տարիները: Շուրջ տասը տարի հետո մայրը բաժանվեց նրանից` հայտարարելով, որ իրենց ամուսնությունը սխալմունք էր: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ նրանց խորթ հայրը ֆիզիկական բռնության էր ենթարկում երեխաներին: Իր ծանր մանկության մասին Ջուլյան նախընտրում է լռել, սակայն այդ մասին շատ անգամ բարձրաձայնել է Էրիկը: 9 տարեկան էր Ջուլյան, երբ մահանում է հայրը: «Հորս մահը փոխեց ապագա կյանքի վերաբերյալ իմ բոլոր պլանները»:

Դե, իհարկե, լավ ապրելակերպը չէր, որ ստիպեց 13-ամյա փոքրիկ աղջկան անցնել աշխատանքի: Առավոտյան Ջուլյան շտապում էր դպրոց, իսկ դասերից անմիջապես հետո դպրոցական պայուսակով վազում էր աշխատանքի պիցերիայում որպես մատուցողուհի:

Կարիերան

«Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Ես ուզում էի անասնաբույժ դառնալ, իսկ դպրոցում մի տևական ժամանակ տարվել էի կլառնետով»: Սակայն դպրոցն ավարտելուց հետո Ջուլյան մեկնեց իր քրոջ և եղբոր մոտ Նյու Յորք: Այստեղ Էրիկի միջնորդությամբ նա մի քանի փոքրիկ էպիզոդիկ դերեր ստացավ, որոնք այդպես էլ ոչ մի կերպ չբերեցին նրան ճանաչվածություն: Առաջին աղմկահարույց ֆիլմը նրա մասնակցությամբ, «Միստիկ պիցցա» ֆիլմն է, որտեղ քննադատներն առաջարկում էին մրցանակ շնորհել Ջուլյային վատագույն կին դերակատար անվանակարգում: Սակայն այս ամենը Ջուլյային չհիասթափեցրեց: «Ես չէի ուզում միանգամից նվաճել բոլոր մեծ էկրանները, և դա հնարավոր էլ չէր: Ես խաղացել եմ 10-ից ավելի էպիզոդիկ կերպար, ես նույնիսկ համաձայն էի չնկարահանվել, միայն թե ներկա լինեի նկարահանման ընթացքին»:

Սակայն հաջողությունը դեռ սպասում էր Ռոբերտսին: Այս անգամ նա երկրորդական դեր է ստանում «Պողպատե Մագնոլիաները» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր շաքարախտով հիվանդ մի աղջկա: Այս ֆիլմից հետո կինոքննադատները հասկացան, որ ասպարեզ է դուրս գալիս բոլորովին նոր աստղ, որը փոքր, բայց հստակ քայլերով շարժվում է առաջ: Ֆիլմը աննկարագրելի հաջողություն է ունենում: Այն հավաքում է մոտ 80 միլիոն դոլար եկամուտ, իսկ Ռոբերտսին բերում հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակ և Օսկարի նոմինացիա: Երբ ֆիլմը բարձրացավ էկրան, Ջուլյան արդեն նոր դեր էր ստացել: Իրար ետևից հաջողություններ:

Նոր ֆիլմը «Սիրունիկն» էր: Ջուլյայի ժպիտը գրավեց ամբողջ աշխարհը: Չնայած քննադատների սառը վերաբերմունքին` ֆիլմը 180 մլն. դոլար եկամուտ ունեցավ: Ջուլյա Ռոբերտսը դարձավ Հոլիվուդի ամենաճանաչված ու քննարկվող աստղերից մեկը: «Այդ ֆիլմից հետո ես հասկացա, որ այլևս չունեմ անձնական կյանք, որ չունեմ մի բան, որ միայն իմը լինի: Հայտնիությունը գալիս է այն ժամանակ, երբ քո մասին լուրերը սկսում ես ուրիշներից իմանալ: Ես դարձա հայտնի»:


Ջուլյա Ռոբերտսը առաջին դերասանուհին է, ով հայտնվեց «Vogue» ամսագրի շապիկին: Դրա հետ մեկտեղ Ջուլյան 12 անգամ հայտնվեց աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում ըստ «People» ամսագրի:


«Սիրունիկը» ֆիլմից հետո Ջուլյայի հոնորարը բարձրացավ մինչև 1 մլն դոլար: Իրար ետևից ֆիլմերի առաջարկներ է ստանում Ռոբերտսը: 90-ականներին ստացվեց այնպես, երբ Ջուլյայի խաղացանկում իրար ետևից ծանր ու տխուր ֆիլմեր էին: Նրա ճանաչվածությունն օր օրի աճում էր, սակայն ֆիլմերի հարցում «Սիրունիկի» հաջողությունը չկրկնվեց:

Հանդիսատեսը նորից ուզում էր տեսնել Ջուլյայի բրենդային ժպիտը, սակայն վերջինիս կարիերայում մեծ դադար էր: Մամուլն արդեն ավարտված էր համարում նրա կարիերան, երբ 1997-ին էկրան է բարձրանում «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ Ջուլյան այնպիսին էր, ինչպիսին սիրում էր նրան հանդիսատեսը: Ֆիլմը դարձավ կինոքննադատների ֆավորիտը: Այս ֆիլմից հետո իրար ետևից էկրան են դուրս գալիս մեկը մեկից հաջողված ֆիլմեր` «Նոթինգ Հիլլ», «Փախչող հարսնացուն», «Մոնա Լիզայի ժպիտը» և այլն: Վերջինիս համար Ջուլյան ստանում է անհավանական, նախադեպը չունեցող հոնորար` 25 մլն դոլար: Ջուլյան դառնում է ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, որի հաջողությունը դեռ չէր ունեցել ոչ մի կինոաստղ: Իր հաջորդ Օսկարը Ջուլյան ստանում է «Էրին Բրոկովիչ» կենսագրական ֆիլմի համար և դառնում Ամերիկայի ամենասիրված ու պահանջված դերասանուհին:

Անձնական կյանքը

«Ահավոր է, երբ դու միշտ ֆոտոխցիկի դիմաց ես: Դու չես կարող անել այն, ինչ ուզում ես: Դու դառնում ես մարդկանց սեփականությունը, և նրանք սկսում են կառավարել կյանքդ»: Իսկապես, Ջուլյայի` էկրանին հայտնվելուց հետո ֆոտոխցիկներն ու լրագրողները դարձան նրա կյանքի անբաժան մասը: Ջուլյային պապարացիները հետևում էին ամենուր և միշտ: Ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար հորինվում էին ամենատարբեր պատմություններ, ամենատարբեր սիրավեպեր ու ձախորդություններ:

Ջուլյայի սիրային պատմություններում հերոսներ դարձան այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Կիֆեր Սազերլենդը, Մետյու Պերին, Լայեմ Նիսոնը, Բենջամին Բրետը, Ռիչարդ Գիրը և այլք:

Ջուլյայի սիրավեպերի մեծ մասը սկսվում էր նկարահանման տաղավարից: «Սիրունիկը» ֆիլմը Ջուլյայի համար ոչ միայն հաջողության դուռ էր, այլև շատ կարևոր իրադարձություն անձնական կյանքում:

Գլխավոր դերակատար Ռիչարդ Գիրն ու Ջուլյա Ռոբերտսը սկսում են հանդիպել, սակայն շուտով Ջուլյան հեռանում է Գիրից: Նրա կյանքում սկսվում է մի շրջան, երբ իրար ետևից Ջուլյայի կողքին են հայտնվում հայտնի ու գեղեցիկ տղամարդիկ, սակայն այդ հարաբերությունները երբեք լուրջ չեն եղել Ռոբերտսի համար:

Ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ Ջուլյան ծանոթանում է Կիֆեր Սազերլանդի հետ: Նրանց հարաբերություններն այնքան են զարգանում, որ զույգը նշանակում է հարսանիքի օրը: Սակայն Կիֆերը դավաճանում է Ջուլյային պարուհու հետ, որի մասին նա իմանում է թերթերից, բայց լռում: Ջուլյան որոշում է պատժել Կիֆերին:

Հարսանիքից 3 օր առաջ, երբ հարսանեկան պատրաստություններն արդեն վերջացել էին, Ջուլյան չեղյալ է հայտարարում հարսանիքը և փեսացուի լավագույն ընկերոջ հետ միասին մեկնում Իռլանդիա: Այսպիսի զարգացումների չէին սպասում անգամ «Փախչող հարսնացուն» ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորները, մինչդեռ Ջուլյան վարվեց այնպես, ինչպես իր հերոսուհին:

Այս ֆիլմը նորից կապ ստեղծեց Ջուլյայի և Ռիչարդ Գիրի միջև: Ջույիան նորից զգաց այն զգացմունքը, որը միացրել էր նրանց տարիներ առաջ: Սակայն այս անգամ Ռիչարդն ավելի հեռու էր Ջուլյայից. նա չէր թողնում նրան վերհիշել իրենց անցյալը: Ֆիլմի վերջին տեսարանը նկարահանելիս Ջուլյան և Ռիչարդը կանգնում են իրար դիմաց և սկսում երկար խոսել: Ջուլյան հարցնում է Ռիչարդին. «Ինչո՞ւ եմ ես այսքան դժբախտ»: Ռիչարդի պատասխանը ցնցում է Ռոբերտսին. «Դու շատ մեծ ուշադրություն ես դարձնում անկարևոր երևույթներին: Դու ուշադրություն ես դարձնում մանրուքներին, այնինչ ամենակարևորը այն է, որ այդ մարդը սիրի քեզ, այլ ոչ թե ինչպես է նա դուրս գալիս Ձեր համատեղ նկարում, ինչպիսի մանրամասնությամբ է ընտրում հարսանեկան կոստյումը և այլն: Դու պետք է գտնես այնպիսի տղամարդ, որը կսիրի քեզ: Իսկ ավելի ճիշտ` թույլ տաս նրան գտնել քեզ»:

Այս խոսքերից Ջուլյան հասկացավ, որ այս ամբողջ ընթացքում Ռիչարդը հետևել է իրեն և իր կյանքի իրադարձություններին, մտովի նա միշտ կողքին է եղել, դրա համար էլ նրա բառերում այդքան ճշմարտություն կար:

1993-ին Ջուլյան, այնուամենայնիվ, ամուսնանում է, իսկ ընտրյալը երգիչ Լայլ Լովետն է դառնում: «Մենք Լայլի հետ շատ անհամբեր էինք, մենք այնքան էինք ուզում շուտ ամուսնանալ, որ անգամ չհասցրինք հյուրեր հրավիրել: Այնպես որ ամեն ինչ անցավ առանց ավելորդ աղմուկի»: Այս զույգին մամուլը որակեց «Գեղեցկուհին և հրեշը» մականվամբ:

Լայլին իսկապես անհնար է անվանել գեղեցիկ տղամարդ, նա անգամ գրավիչ չէր: Վերջիվերջո Ջուլյան որոշում է բաժանվել Լայլից, սակայն նրանք շարունակում են ջերմ ընկերական հարաբերությունները:
Կարիերայում անդադար աճի հետ զուգահեռ դեպի անորոշություն էր գնում Ջուլյայի անձնական կյանքը: Նրան ներկայիս ամուսնու հետ միացրեց Baskin – Robbins պաղպաղակը: Ասում են` մեծ սիրո պատմությունները միշտ հետաքրքիր սկիզբ են ունենում: Կինոօպերատոր Դանիել Մոդերը 5 տարի շարունակ աշխատում էր այն նույն տաղավարում, որտեղ ամենաթանկ վարձատրվող դերասանուհին էր: Դանիելը սիրահարվում է Ջուլյային, բայց վերջինս այս տարիների ընթացքում անգամ չի էլ ճանաչում Դանիելին:

Մի անգամ Ջուլյան 5 օր շարունակ չի ներկայանում նկարահանումների ծանր դեպրեսիայի պատճառով: Դանիելը համարձակվում է գնալ նրա տուն մի տոպրակ Ջուլյայի սիրելի պաղպաղակով: «Այդ օրը ես ամբողջ օրը նստել էի խոհանոցում և անհույս պտտեցնում էի հեռուստացույցի ալիքները: Տեսքս ահավոր էր, ես, 3 օր էր, ոչ շպարվում էի, ոչ նորմալ հագնվում, իսկ մազերիս մասին ավելի լավ է չասեմ, դուք կպատկերացնեք: Եվ հանկարծ դռան զանգը տալիս է ապագա ամուսինս»:

Այո, դռան ետևում Դանիելն էր` ձեռքին տոպրակով պաղպաղակ: Մինչ Դանիելն անվստահ սկսում է բացատրել, թե ինչու է այցելել վերջինիս, Ջուլյան վերցնում է պաղպաղակն ու անցնում գործի: «Երբ վերջացրի պաղպաղակս, բարձրացրի աչքերս և տեսա Դանիելին, կարծես նա չէր, որ այդ պաղպաղակը բերել էր ինձ: Մենք միասին ծիծաղեցինք, խոսեցինք և…դուք գիտեք արդեն»:

Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե միայն չպարզվեր, որ Դանիելն ամուսնացած է: Մի օր Ջուլյան զանգահարում է Դանիելի տուն, խոսափողը վերցնում է նրա կինը: Ջուլյան իր համակրանքն է հայտնում վերջինիս ամուսնու նկատմամբ և հարցնում՝ չի նեղանա, եթե ինքը նրան խլի… Դանիելի կինն իհարկե ճանաչում է Ջուլյայի ձայնը և մտածում է, թե վերջինս կատակում է: Ինչպես ասում են, յուրաքանչյուր կատակի կեսը ճշմարտություն է: Այս դեպքում այն ամբողջովին ճշմարտություն էր: Դանիելը զբաղվում է ամուսնալուծության հարցերով, և 2002թ. հուլիսին կայանում է Ջուլյա Ռոբերտսի և Դանիել Մոդերի հարսանիքը: Հարսանիքը շատ համեստ էր կազմակերպված, և հյուրերի ցուցակում միայն իրենց մտերիմ ընկերներն էին ու հարազատները:

Ջուլյայի առաջին հղիությունն անհաջող է ընթանում. նա կորցնում է երեխային: Պատճառը հազվագյուտ հիվանդությունն էր, որը, բժիշկների հավաստմամբ, չէր թողնելու նրան մայրանալ: «Չէր կարող այդպես լինել: Ես գիտեի, որ ոչինչ այս աշխարհում չի կարող ինձ զրկել մայր դառնալու բերկրանքից»:

2004թ. նոյեմբերի 24-ին Ջուլյայի և Դանիելի ընտանիքը համալրվում է միանգամից զույգ փոքրիկներով: Ծննդաբերությունից առաջ բժիշկները զգուշացրել էին զույգին, որ ծննդաբերության գինը կարող է լինել Ջուլյայի կյանքը:

«Երեխաներիս ծնունդից հետո ես ամբողջովին փոխվեցի, փոխվեց աշխարհայացքս, փոխվեցին երազանքներս, նպատակներս»: Երեխաների ծնունդից հետո Ջուլյան ամբողջովին նվիրվում է նրանց խնամքին: Նա անգամ հայտարարում է, որ հեռանում է կինոյից, որպեսզի իր երեխաները լիարժեք ու ապահով կյանք ունենան:

Բացի հիանալի դերասանուհի լինելուց, Ջուլյան դառնում է նաև հիանալի մայրիկ, որն իր ամուսնուն պարգևում է նաև 3-րդ երեխան` Հենրի Դանիել Մոդերին:

Այժմ 44-ամյա դերասանուհին վայելում է կյանքն իր ընտանիքի և ընկերների հետ, նկարահանվում է միայն հայտնի ռեժիսորների ֆիլմերում` ապահովելով բարձր վարկանիշ, նկարահանվում է գովազդային հոլովակում 1մլն դոլարով և լիարժեք վայելում իր արձակուրդներն ամենաթանկարժեք հյուրանոցներում ամբողջական ընտանիքով:

Դերասանը կարող է հիանալի կատարել իր դերը, բայց տանը նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա:

 Եթե սիրում եք, ապա մի ձգձգեք, ասեք այդ մասին: Որովհետեւ հետո կարող է ուշ լինել:

Ես հասարակ մարդ եմ ոչ հասարակ աշխատանքով:

 Ինձ թվում է, որ շատ հաճախ քեզ օգնում են կայանալ ոչ թե հանճարեղ ուսուցիչները, այլ նրանց բացակայությունը:

Երբ ես ընտրության առջև եմ` նորմա, թե խենթություն, ես միշտ ընտրում եմ խենթությունը:

 Ես շատ բարձրահասակ եմ, որպեսզի աղջնակ համարվեմ, ես չունեմ շատ զգեստներ, որպեսզի լեդի լինեմ, և ես երբեք ինձ չէի անվանի կին: Ես այդ ամենի մեջտեղում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել