Հուլիսի 14-ին Լոնդոնում կայացել է ռեժիսոր Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել նաև Սասեքսի դուքսն ու դքսուհին: Միջոցառման հետաքրքիր դրվագներից է եղել Մեգան Մարքլի և ֆիլմի հերոսներից Նալա էգ առյուծին հնչյունավորած երգչուհի Բեյոնսեի ողջագուրման պահը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, շուրթերի միջոցով կարդացող մասնագետին հաջողվել է պարզել, թե երգչուհին ինչպես է դիմել Սասեքսի դքսուհուն. «Ողջույն, իմ թագուհի»,- ասել է նա, և կանայք ողջագուրվել են, որից հետո Բեյոնսեն Մեգանին մի քանի խորհուրդ է տվել` երեխաների դաստիարակման վերաբերյալ:
Հավելենք, որ դեկրետային արձակուրդում գտնվող Մեգան Մարքլն անցած շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ հայտնվել է հանրային միջոցառումների: Հուլիսի 13-ին արքայազն Հարիի կինը ներկա էր եղել Ուիմբլդոնի մրցաշարի կանանց եզրափակիչ հանդիպմանը, մեկ օր առաջ նրան նկատել էին Պոլոյի բարեգործական խաղին, իսկ կիրակի երեկոյան ամուսնու հետ հայտնվել էր «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի պրեմիերային: