Բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ինչո՞ւ բաց նամակ #2, որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի։
Եվ այսպես, հարգելի պարոն վարչապետ, հեղափոխությունից հետո ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա գործը պատվով հանձնեցի Ձեզ և իմ բազմաթիվ ընկերներին, ովքեր սիրով անցան պետականաշինության ղեկավարման այդ աստվածահաճո գործին տարբեր-տարբեր ոլորտներում: Ինչքան ընկերներ՝ այդքան ոլորտներ, ինչքան ոլորտներ՝ այդքան ոլորտային պրոբլեմներ…
Սկզբի օրերին, երբ մատնանշում էի այդ խնդիրները, ստանում էի այսպիսի պատասխան․ «Էդ սաղ խնդիրները գիտենք, այ Հով ջան, կլուծենք, կլուծենք, մի անհանգստացի, կարևորը՝ դու քեզ աշխատանք գտի»))): Ես հանգստանում էի այդ պատասխանից և շարունակում էի ապրել ու վայելել արժանապատիվ քաղաքացու՝ արժանապատիվ ճանապարհով արժանացած իմ արժանապատիվ կյանքը: Հետո անձամբ ինձ հետ տեղի ունեցան դեպքեր, որոնք բխում են պետական համակարգի վատ կառավարման ձևից: Դրանք շատ են, բայց հիմա կառանձնացնեմ ամենակենցաղային դեպքը։
Հարգելի վարչապետ, Ձեր շատ սիրած Սարյան փողոցում տուրիստական ամենապիկ ժամին 4 անհայտ անձինք, հասարակական կարգը խախտելով, պրովոկացիոն ձևով ուզում էին վիճաբանություն սարքել ինձ հետ... Իսկ ով-ով, Դուք և ես լավ գիտենք պրովոկատոր ու կիսագողական այդ ցեղատեսակին. ցույցերի ժամանակ բազմաթիվ անգամ միասին ականատես ենք եղել։ Այդ ցեղատեսակը մեզ համար ամենամերժելին էր, և հուսով եմ՝ Է … Մի խոսքով՝ դիմեցի ոստիկանություն, և անցել է ամսից ավել, իսկ ոստիկանությունը չի գտնում դրանց ու չի գտնում: Դրանք չկա՜ն ու չկան։ Ինչևէ։ Դրանց հերն էլ, թող... իր երեխեքի խերը տեսնի))))
Բայց այստեղ կա մի մե՜ծ ԲԱՅՑ... Ինչո՞ւ մեր նոր Հայաստանի՝ ժողովրդին պատկանող իշխանության տակ գտնվող ոստիկանությունը, չի կարողանում պաշտպանել ժողովրդին Ձեր ասած սևերից: Միգուցե ոստիկանությունում սևեր կան, կամ սպիտակ ոստիկաններն ունեն սև բարեկամներ, կամ սպիտակ ոստիկաններն ունեն սպիտակ բարեկամներ, ովքեր ունեն սև ընկերներ կամ ունեն սպիտակ ընկերներ, ովքեր ունեն լավ սև ախպոր ախպերներ։)))) Էդ լավ ախպոր ախպեր պատմությունն ինձնից լավ գիտեք))։ Ինչևէ, սա մի փոքրիկ կենցաղային դրվագ էր, որ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ...
Հիմա, երբ տարբեր ոլորտներում տեսնում եմ նմանատիպ խնդիրներ, բարձրաձայնում եմ ու իմ ընկերներից, ովքեր հեղափոխությունից հետո անցել են պետականաշինության այդ աստվածահաճո գործին, ստանում եմ այսպիսի պատասխան․ «Լավ էլի, ախպոր պես, ինձ մի ասա» : Այստեղ ակտուալ է դառնում իմ 1-ին բաց նամակը վարչապետին, որը դեռ կմնա փակ ու իմ սեղանին, ու Աստված չանի, որ մի օր պատասխանատու իմ ընկերներն ինձ տան հետևյալ պատասխանը․ «Դե մենք մեղավոր չէինք, որ տենց եղավ վերջում»։
Հիմա, պարոն վարչապետ, սիրելի եղբայր, կան ոլորտներ, որոնցով ես հետաքրքրված չեմ, ու եթե այդ ոլորտներում կան նույն՝ «ախպոր ախպեր» ժանրի խնդիրներ, իսկ դուք չեք խիզախում կատարել խորքային բարեփոխումներ, ապա մեր Հայաստանը, որը կեցցե, որ վաղը պիտի գար, ու պարզվեց, որ դեռ չի եկել. ասեմ, որ չի էլ գալու… Սա ընդունեք որպես Հովհաննես Ազոյան անունով սրտացավ մի քաղաքացու նախազգուշացում։ Ձեզ արդյունավետ աշխատանքային օր եմ մաղթում։