Վ. Տերյան-  Նվ. Թումանյանին
1914, հոկտեմբեր, 2-րդ կես, Պետերբուրգ
Դուք ինձնից չպետք է նեղանաք, սիրելի  և լավ Նվարդ, իմ գործերը այնպիսի ընթացք ստացան, որ հնար չունեի իմ սրտի և հոգու մասին մտածելու: Մոսկվայում, հակառակ իմ ցանկության և ի վնաս իմ գործի, մնացի ամիս և կես և այն խառն ու անախորժ գործերի մեջ խրված...
Զարմանալի դիպվածով Ձեր նամակը համապատասխան թվաց իմ տրամադրության: Ապացույց՝ վերջին օրերը գրած (դեռ անմշակ, բոլորովին սևագիր) ոտանավորս՝ ահա.
Երգն այս անզոր ու անզարդ,
Թող հիշեցնե քեզ կրկին
Գարնան անձրևն այն զվարթ
Եվ «Եդեմ» այգին:


Այսօր անձրև է նորից,

Բայց աշնանայի՜ն, բայց հյուսիսյա՜ն-
Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
Ինչպե՞ս չափսոսամ...

Ինչպե՞ս սրտով մորմոքուն,
Ինչպե՞ս, ինչպե՞ս չըթերթեմ
Հուշեր, որ դառն այս միգում
Երազ են արդեն...

Եվ շողարձակ այդ աչքերիդ

Որպես գերի մի անզեն,
Ինչպե՞ս կիզող ցոլքերիդ
Սիրտըս չըպարզեմ....

Տեսնո՞ւմ եք, ես էլ, չնայած իմ խառը գործերին ու մտքերին, անձնատուր եմ լինում հույզերին: Բայց ավելին. ես երբեմն (գուցե լավ չեմ տեսնում) տխրությամբ մտածում եմ՝


     Եվ նոքա, ում սիրեցի, իմ սիրով ու խնդությամբ,

     Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց....

(ցիտում եմ «Գեղարվեստի» վերջին համարում տպված իմ բանաստեղծությունից)

.........
Այդպես, սիրելի Նվարդ...
Դեհ, առայժմ ցը, սիրելի, լավ Նվարդ: Մի մոռանաք ինձ: Ամենաջերմ համբույրներով
                                                     Ձեր Վ. Տ.

  Ձեր հասցեն մի կարգին գրեք` իմանամ: Հա,ներեցեք, ժամանակ չեղավ (իսկ երբ ժամանակ կար, փող չէր լինում) խոստացածս որոնելու և Ձեզ ղրկելու, բայց գործերս մի քիչ կարգի գան (տեր իմ, ե՞րբ է լինելու վերջապես այդ), իսկույն կղրկեմ: Դրա համար իրավունք եմ տալիս ինձ մի անգամ ևս համբուրելու Ձեզ. չչարանաք այս աննյութ համբույրներից:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել