Shantnews.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը այսօր լրագրողների հետ խոսել է օրեր առաջ տեղի ունեցած մասշտաբային հոսանքազրկման վարկածների մասին.

«Այս պահին կա երկու վարկած, մեկի համաձայն` տատանումը եկել է իրանական կողմից, ըստ մյուս վարկածի` դա մեր ներքին ռեսուրսների խնդիրն է եղել: Մենք չենք բացառում, որ աղետը տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով: Հիմա ճիշտ չէ կտրված բաներ ասել, որ հետագայում հերքվեն այդ տարբերակները»:

Փոխնախարարը նշել է, որ դեպքի առաջին իսկ րոպեներից իրանցի գործընկերներից վթարի մասին հաղորդում է ստացվել, սակայն հետո նշվել է, որ վթարը եղել է տեղական և չի հասել էլեկտրահաղորդման գծին:

Հակոբ Վարդանյանը ասաց, որ ըստ օրենքի` հետաքննությամբ պետք է զբաղվեն տեսչական մարմինները, սակայն դրանից բացի, ստեղծվել է աշխատանքային խումբ և հավանաբար մոտ մեկ ամսվա ընթացքում պատճառները կպարզվեն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը նշել է, որ հաքերային հարձակումներից պաշտպանումը բարձր մակարդակում է գտնվում, և Հայաստանում այժմ գործում է այսօր աշխարհում առկա լավագույն անվտանգության համակարգը:

«Վթարի հզորությունը այնքան մեծ էր, որ հնարավոր է՝ համակարգը զրոյի նստեր և ունենայինք լիարժեք էներգամատակարարման դադարում, որը հնարավոր կլիներ վերականգնել օրերի ընթացքում, սակայն մենք տեսանք, որ մեր համակարգը նման մասշտաբային վթարի պատրաստ է եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել