Pastinfo.am-ը գրում է.

«Քանի որ վեթթինգի գաղափարը ծագել է միայն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել, հետեւաբար, ես չեմ համարում, որ մեր պետությունը լիարժեք հետեւության է եկել, որ դատական համակարգում պետք է վեթթինգ իրականացվի, եւ սա հաշվի առնելով՝ ԲԴԽ-ի կողմից վեթթինգ իրականացնելու դերակատարման մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. «Իմ կարծիքով՝ վեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանության համակարգում»,- ասաց նա։

Խոսելով Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ անդամների ընտրությունից՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ շատ ողջամիտ է եղել Մեսրոպ Մակյանի ընտրվելը. «Մեսրոպ Մակյանին՝ որպես դատավոր ճանաչում եմ արդեն երկար ժամանակ, եւ իր մասով կարող եմ ասել, որ ընտրությունը եղել է  շատ ողջամիտ. նա բավականին արհեստավարժ մասնագետ է, եւ բարեխիղճ մարդ, մյուսների մասով որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա։

Ի պատասխան հարցին՝ ԲԴԽ-ն այս կազմով կարո՞ղ է հանրային վստահություն վայելել, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Միանշանակ պատասխանել չեմ կարող, միայն Մեսրոպ Մակյանի ներկայությունն  արդեն իսկ որոշակի վստահություն առաջացնում է իհարկե, բայց ամբողջ կազմի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեմ կարող հայտնել»։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց միայն ամիսներ անց՝ երեկ երդվելուն, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ միանում է իր գործընկերների, մասնավորապես Դավիթ Բալայանի հայտնած դիրքորոշմանը. «Նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգը, հետեւաբար նման անդամը չի կարող վստահություն ներշնչել»։

Էրիկ Ալեքսանյանը հայտնեց նաեւ, որ ինքը որպես ԲԴԽ անդամի հենց Դավիթ Բալայանին էր տեսնում. «Եվ այն, որ նա ասել է, թե Դատավորների ընդհանուր ժողովն իրեն չվստահեց, ուստի խնդիրն իր մեջ պետք է փնտրի, պարզապես համեստություն է արել»։

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ երկու անդամ է ընտրվել, իսկ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն էլ երդվել է ԲԴԽ անդամի կարգավիճակով։  Նա ԲԴԽ անդամ էր ընտրվել դեռեւս ութ ամիս առաջ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը չէր հաստատվել։ Չէր կայացել նաեւ Տավարացյանի երդման արարողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել