«Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի հետնաբակում կայանած է «Toyota Camry 2.5L» մարդատար ավտոմեքենան, որը սպասարկում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:

Այս նյութում կփորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ նախկին ԲՆ նախարարներին սպասարկող «Honda Accord» մակնիշի` 015LL55 պետհամարանիշով ավտոմեքենան փոխարինվեց «Toyota Camry 2.5L»-ով (ի դեպ, նույն պետհամարանիշով), և ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին հետագայում իր ծրագրերն առաջ տանելու համար:

Պարզվում է, որ վերը նշված մեքենան գնվել և ՀՀ բնապահպանության նախարարության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարության) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (ՊՀ) է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակը`«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում: 

Ձեռքիս տակ գտնվող համապատասխան փաստաթղթերի համաձայն` նպատակը եղել է նպաստել վերը նշված ծրագրի «Չափողականություն, հաշվետվայնություն և հավաստագրում» բաղադրիչի պատշաճ իրականացմանը, այսինքն` աջակցել ծրագրի պատասխանատու կողմ հանդիսացող նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին: Սակայն այդ մեքենան առաջին իսկ օրվանից սպասարկում է նախարար Էրիկ Գրիգորյանին և երբևիցե չի ծառայել ծրագրի պատշաճ իրականացմանը: Ս.թ. ապրիլի 11-ին կառավարության նիստի օրակարգում տեսնում ենք «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույք ամրացնելու մասին» 17-րդ կետը: Որպես զեկուցող հանդես էր գալիս նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այս նիստից հետո որոշ լրատվամիջոցներ անդրադարձան այդ որոշմանը և տվեցին իրենց գնահատականը. «Լատենտային կոռուպցիա. միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին»… Նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում (12 ապրիլ 2019 թ.) անմիջապես հանդես եկավ մի սրտաճմլիկ հայտարարությամբ, թե. «Այսօր «թերթերից» մեկը մի «սենսացիոն» լուր էր դրել, թե իբր միջազգային կազմակերպությունը կաշառել է կառավարությանը՝ մեքենա նվիրաբերելով։ Սովորաբար չեմ անդրադառնում նմանատիպ հրապարակումներին, բայց կից նկարներով տեղադրում եմ վերջին ժամանակահատվածում բնապահպանության նախարարության կողմից տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված տասնյակ մեքենաների նկարներից մի քանիսը։ Հ. Գ. Դրամաշնորհով ևս 4 նոր ամենագնաց մեքենաներ կստանանք առաջիկա օրերին»: 

Իհարկե, դրամաշնորհով գնված 4 ամենագնացներն արդեն տեղ հասել են, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրանք հետագայում կիրառելու է պահպանվող տարածքներում, սակայն ինչ վերաբերում է վերը նշված «Toyota Camry 2.5L»-ին, այն գնվել է մի ծրագրի շրջանակներում, որ ամրագրվել նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակին: Դա իր պաշտոնական նամակում հաստատել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դիմիտրի Մարիյասին:

Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ բնապահպանության նախարար(ներ)ի սպասարկման համար 2014 թվականին գնվել և ՀՀ ԲՆ-ին է տրամադրվել 2013 թվականի արտադրության «Honda Accord» մակնիշի (015 ԼԼ 55 համարանիշով) մեքենան, սակայն Է. Գրիգորյանին ներկայումս սպասարկում է և ՀՀ կառավարության նիստի օրակարգում հայտնված` վերը նշված ծրագրի գնած և իբր թե ՀՀ բնապահպանական ծրագրերի գրասենյակին հանձնվելիք մեքենան, որի համարանիշը, ի դեպ, դարձյալ 015 ԼԼ 55 է:

Մինչդեռ նախարարն այս ամենն իր ֆեյսբուքյան հարթակում անամոթաբար հերքում է, թե` նման մեքենա նախարարությունը նվիրատվություն չի ստացել, նաև տեղադրում KfW հարավի կենսոլորտային տարածքի միջոցներով, ինչպես նաև ՌԴ-ի կողմից տրամադրված` ռուսական արտադրության ամենագնացների նկարներն ու հաստատում, թե միակ նվիրատվությունը դրանք են:

Ըստ իմ ունեցած տեղեկությունների` «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը համակարգում է Դիանա Հարությունյանը (ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող): Իսկ մեքենան նախարարին եղել է մեծ նվեր հետագա ծրագրերն առաջ հրելու համար: Հայտնի է, որ Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց վատացնել հարաբերությունները մի շարք միջազգային բնապահպանական ծրագրերի հետ, անգամ` հայտնել իր «ոսկե» կարծիքը տարիներով կատարված աշխատանքների վերաբերյալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել