Պատգամավոր Հայկ Սարգսյանի ասուլիսին էի այսօր հետևում, որտեղ պնդում է, որ դատի է տալու բոլոր նրանց, ովքեր իրեն անվանում են «Նիկոլի ջուր բռնող» կամ «ախրանիկ»։ Ես չեմ ուզում խոսել նույնիսկ նրա գոլդ հեռախոսահամարի, «ընկերոջ» թանկարժեք ավտոմեքենայի, քաղաքի «ծտերի» հետ հաճույքների մասին, որովհետև մինչև այդ մասին խոսելը խնդրում եմ ուշադրություն դարձնել լրագրողների հետ հանդիպմանը երկու հանգամանքի վրա՝ պատգամավորի աշխատասենյակի վարագույրի ոճին (մուգ կապույտ «բոմբարխատ»՝ ոսկեգույն ծաղիկներով) և արևային սև ակնոցներ (գիտեմ, որ վիրահատել են, բայց կարող էր ընդամենը 48 ժամ սպասել և առանց ակնոցի ասուլիս տար)։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մի երիտասարդի մասին, որը ԱԺ-ում ոչինչ չի անում, ոչ մի ելույթ չի ունենում, ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի գալիս, երկրում կատարվող ոչ մի իրադարձության մասին չի խոսում։ Նա այնտեղ է հայտնվել միայն մեկ պատճառով. այդպես է ցանկացել Նիկոլը։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ցանկացավ, որ Շմայսը հայտնվի խորհրդարանում։ Չնայած, ի տարբերություն Հայկ Սարգսյանի, Շմայսը նախ գիտեր, թե ինքը ով է, ի տարբերություն Հայկի՝ իր ամենամեծ գործը «շիշ բռնելը չէր», այլ Արցախի պատերազմին մասնակցելը, ի տարբերություն Հայկ Սարգսյանի՝ Շմայսը չէր փորձում իր տղամարդկությունը ցուցադրել Բաղրամյան 26-ում, և ի տարբերություն Հայկ Սարգսյանի՝ գոնե փորձում էր օգտակար լինել ՀՀԿ-ին․ երբ պետք էր, գոռում էր, երբ պետք էր, աղմկում էր, երբ պետք էր, խանգարում էր, երբ պետք էր, փռվում էր ասֆալտին ու զենքերը հանձնում։ Շմայսից բոլորը ներվայնանում էին, բայց երբեմն օգուտ կար։ Ի տարբերություն Հայկ Սարգսյանի։ Նրանից բոլորը ներվայնանում են և ոչ մի օգուտ։ Զրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել