Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է կառավարության նոր կառուցվածքին: Արմեն Գևորգյանի բնորոշմամբ՝ կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Այսօրվա լուծումը, ըստ Արմեն Գևորգյանի, թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն-տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարման մարմիններ։ «Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ»,- գրում Արմեն Գևորգյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կառավարության նոր կառուցվածքի քննարկման փուլում ես  միտումնավոր տեսակետ չեմ արտահայտել՝ սուբյեկտիվ չընկալվելու համար։ Բայց հարցը շատ կարևոր է. ուշադիր հետևելով հնչող կարծիքներին, ցավոք, ես այդպես էլ չլսեցի որևէ ծրագրային հիմնավորում, թե ինչու է մեզ պետք կառավարության հենց այսպիսի կառուցվածք։

Ինքս դեմ չեմ եղել կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության գաղափարին, և մշտապես հանդես եմ եկել կառուցվածքի և կազմի տեսանկյունից կոմպակտ և արդյունավետ կառավարություն ունենալու օգտին։ Սակայն երկար տարիների ընթացքում այս երկու հանգամանքները միշտ պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով և նպատակահարմարությամբ, այլ ոչ՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Հիմնական քաղաքական դերակատարը միշտ թիմում կոալիցիոն գործընկերներ ունենալու և նրանց կադրային նախասիրությունները հաշվի առնելու անհրաժեշտություն է ունեցել։ Սակայն 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, լավ հնարավորություն էր ընձեռվել՝ խուսափելու այդ ազդեցության գործոններից և ոչ միայն ձևավորել նոր տիպի կառավարություն, այլ առհասարակ երկրում կազմավորել նոր տիպի գործադիր իշխանություն։

Երկարատև քննարկումներից և հայտարարություններից հետո ի վերջո ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում ո՛չ հասարակության մեծ մասի, ո՛չ էլ՝ խորհրդարանական մեծամասնության պատկերացումներին։ Արդյունքում մենք ունենք հերթական կիսատ լուծումը, որը չի ազդելու պետական ապարատի և երկրում կառավարման ողջ համակարգի արդյունավետության և, ընդհանուր առմամբ, նաև իշխանության որակի վրա։

Սակայն նախքան կառավարության գործունեության՝ ներկայիս ձևաչափի գործնական վերլուծությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այն միջավայրի որոշակի առանձնահատկությունները, որը երկրում ձևավորվել է 2018թ-ի փոփոխություններից հետո։ 

Ժամանակակից հայ հասարակության համար ամենաբարդ լուծում պահանջող հարցը սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների ծայրաստիճան անհատականացման՝ անձնակենտրոնության հաղթահարումն է։ Մեր կյանքի որակը կփոխվի, եթե փոխվի հասարակության մեջ հարաբերությունների որակը, որտեղ անհատի գործոնը կլինի կարևորներից մեկը, բայց ոչ՝ հիմնարարներից։ Մեզ մոտ ավելի լավ ընկալվում է առաջնորդի հեղինակությունը, այլ ոչ՝ այն քաղաքական ուժի, որը վերջինս ներկայացնում է․ավելի հեշտ է հարգել և հաշվի նստել ոչ ֆորմալ առաջնորդի դիրքորոշման հետ, քան՝ ինքդ քեզ նեղություն տալ՝ ունենալու սեփական դիրքորոշում։ Վերին օղակներից մինչև ստորին օղակները անձի շուրջ այս կենտրոնացումը  այն հիմնական գործոնն է, որը պետք է ադեկվատ գնահատական ստանա և ռացիոնալիզացվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել