Տնային պայմաններում շոկոլադե կարագն ավելի համեղ է ստացվում, քան խանութից գնվածը։
Բացի այդ` խանութում վաճառվող կարագը հնարավոր է՝ վնասակար նյութեր պարունակի, իսկ սեփական ձեռքերով պատրաստվածը շատ ավելի քաղցրահամ և առողջարար է ստացվում։
Այսպիսով՝ պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ մեկ տուփ կարագ (ավելի նախընտրելի է տնական), կակաոյի փոշի և վանիլային շաքար՝ ըստ ցանկության։
Կարագը հարկավոր է տուփից հանել, պատառաքաղի օգնությամբ տրորել և ավելացնել կակաոյի փոշին՝ ըստ ճաշակի (եթե դառը շոկոլադի սիրահար եք, ապա կարող եք կես տուփը լցնել)։
Կարագը և կակաոն մի լավ խառնելուց հետո պետք է թողնել, որ զանգվածը ներծծվի. կարագը տաքացնել պետք չէ։
3-4 ժամ անց կակաոն ամբողջովին լուծվում է կարագի մեջ։
Ի դեպ, այս ընթացքում պարբերաբար հարկավոր է խառնել զանգվածը։
Ցանկության դեպքում կարելի է փոքր-ինչ վանիլին կամ շաքար ավելացնել՝ ըստ ճաշակի։
Միատարր զանգված ստանալուց հետո շոկոլադե կարագը կարելի է արդեն տեղափոխել սառնարան։