168.am-ը գրում է.

Օրեր առաջ հրապարակում  էինք պատրաստել այն մասին, որ ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը: Խնդիրն առաջացել է վերջին մեկ տարում. զինվորի մարմնում մնացած երեք բեկորներից մեկը կպել է ողնուղեղին, կյանքի համար խիստ վտանգավոր է դարձել:

Թալիշում գրադի ականի պայթյունից հետո ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հայկի առաջին վիրահատությունը Ստեփանակերտում էին արել, որ ապրեցնեն, բեկորներից ամենամեծը հանվել էր այդ ժամանակ: Օրեր անց՝ ուղղաթիռով Երևան տեղափոխվելուց հետո, զինվորը երկրորդ վիրահատությունն էր տարել: Հանված մի քանի բեկորներից հետո Հայկը ստացել էր վերականգնողական բուժօգնություն, հենվում էր ոտքերին, մի կերպ տեղաշարժվում էր ձեռնափայտերի օգնությամբ, սակայն այսօր հակառակ դինամիկան է զարգանում: Ծառայության մեջ գտնվող սերժանտին այլևս ցուցված չէ վիրահատություն, բարդացած վիճակի միակ լուծումը Գերմանիա մեկնելն է:

Հայկը գումար չունի, ՊՆ-ն օգնել է շատ հարցերում, ավելին անել, ասել են՝ ի վիճակի չեն: Սերժանտը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երկու հանդիպումներից կորզած խոստումն այդպես էլ օդում է մնացել:

«Երկու անգամ հանդիպել եմ վարչապետին, զինվորի տանը և մի միջոցառման շրջանակներում, երկու դեպքում էլ պատասխանը ոչ դրական էր, ոչ էլ բացասական, ասաց՝ հետևողական կլինեմ: Կարգադրեց օգնականներին զբաղվել իմ հարցով, մինչ օրս պատասխան չկա: Այդ հանդիպումներից հետո երեք անգամ գրավոր եմ դիմել նաև կառավարության ղեկավարին. արձագանք չեղավ, Ֆեյսբուքով դիմելուց հետո վարչապետի էջի վարողը կոորդինատներս խնդրեց, որ կապի դուրս գան, դա էլ չեղավ»,- մեզ հետ զրույցում պատմել էր Հայկ Սեխլիյանը:

Խնդրին տեղյակ է եղել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ընդ որում՝ դեռ անցած տարվանից:

Հայկ Սեխլիյանի վերջին ու ամենամեծ հույսը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն է եղել, նրա անունից, սակայն, մերժել են օգնել զինվորին:

«Պատասխանը եղավ այն, որ իրենց նպատակների մեջ չի մտնում զինվորի բուժօգնության հարցերը լուծելը, իրենք «Զինվորի տուն» կենտրոնին են աջակցում»,- այսպես են արձագանքել զինվորի խնդրանքին, ով Ապրիլյան պատերազմի դեպքերից հետո 1-ին կարգի հաշմանդամ է դարձել:

Զինվորին հրավիրել են կառավարություն

Խմբագրության օգնությունը հայցող սերժանտ  Հայկ Սեխլիյանը կանչվել է Կառավարություն: Անցած հինգշաբթի նրան է զանգել վարչապետի խորհրդական Մեսրոպ  Առաքելյանը, հանդիպումը, սակայն, կառավարության շենքից դուրս է կայացել՝ հաշվի առնելով Հայկի ունեցած հենաշարժողական խնդիրները, որը թույլ չէր տա կառավարության շենքի աստիճանները բարձրանալ:

Հանդիպման արդյունքից Հայկը լավատեսական սպասումներ ունի այնքանով, որքանով մինչ այս էր, այսինքն՝  նոր բան չի խոստացվել զինվորականին, վարչապետի բանագնացը նորից ու հերթական անգամ պահանջել է նրանից ողջ բժշկական փաստաթղթերը և հասկացրել է, որ օրենքն այսպիսի դեպքերում հիմքեր չի նախատեսում, որով բյուջեից գումարներ կհատկացվեին, իսկ վարչապետը չի պատրաստվում օրենքը շրջանցել:  Միակ խոստումը, որ հնչել է վարչապետ Փաշինյանի խորհրդականի շուրթերից, այն է, որ մեկ տարվա մեջ 3-րդ անգամ կառավարություն ուղարկված Հայկ Սեխլիյանի բժշկական էպիկրիզները՝ կցված ՄՌՏ-ի տվյաներով, այս անգամ կուսումնասիրվեն անպայման, և փորձ կարվի կապի դուրս գալ գերմանական այլ կլինիկաների հետ ևս՝ ավելի օպտիմալ լուծումներ գտնելու համար:

Հայկը, իհարկե, մանրամասներ  է հայտնել, թե քանի արտասահմանցի մասնագետների է դիմել  բացառիկ համարվող իր վիրահատության   համար, երաշխիքներ չեն տվել,  պատմել է, որ Հայդենբերգի համալսարանական կլինիկան իրենից շատ ավելի մեծ գումար է պահանջել՝ 47 հազար եվրո՝ վերականգնողական կուրսերի համար,  մինչդեռ  Բադեն Բադենի մասնագիտացված կլինիկայում  35000 եվրոյով ընդհանուր հայտարարի են եկել, որովհետև  հայ մասնագետներից մեկի միջնորդությունն է եղել զինվորի համար:  Հայկը փոխանցել է նաև բժշկի տվյալները, որպեսզի պաշտոնյան խոսի և համոզվի, թե ինչ երաշխիքներ է տալիս գերմանացի մասնագետը՝ 22  մլն դրամանոց բուժման կուրսերի դիմաց:

Ահա այս էր եղել հանդիպման ողջ  բովանդակությունը, և ոչ մի խոսք՝ ակնկալվող դրամական աջակցության մասին, որով  կփոխվեր Հայկի կյանքը, և զինվորականը կապահովագրվեր ժամ-ժամ մոտեցող վտանգից:

Ստացվում է՝ պետությունը հողը պահած զինվորին տիրություն  է անելու՝ հեռախոսազանգեր անելով, Հայաստանի վարչապետի անունից  Բադեն Բադեն կապի դուրս եկող անձը  երաշխիքներ կպահանջի գերմանացի բժշկից՝ անորոշ ժամկետի համար, և միայն այն ժամանակ, երբ  քաղաքացիների կողմից կաթիլ-կաթիլ  հավաքված դրամահավաքով Հայկը,  ի վերջո, կհասնի Գերմանիա:

Հայկը հարցնում է՝ իսկ վարչապետ Փաշինյանը հե՞շտ էր կայացրել որոշումը, երբ Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 124 մլն դրամ  հատկացրեց քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար, կամ քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ եղած տոնածառերից հետո որոշեց այդուհանդերձ մեկն էլ իր ճաշակով գնել՝ 71  մլն դրամ ծախսելով՝ Հայկի ու բոլոր հարկատուների հաշվին:

Ի դեպ, Հայկը պատրաստվում է շաբաթվա վերջին հանդիպել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայկ Սեխլիյանի մասին 168.am-ի հրապարակումից հետո  զինվորի հետ Բեյրութից կապի էր  դուրս եկել  «Իմ քայլը» և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի խոսնակը և հաղորդել էր Հայկին, որ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը ջանքեր է թափում Հայկին օգնելու ուղղությամբ, և հուլիսի 11-ին՝ Երևան վերադառնալուց հետո, նրանց հանդիպումը կկայանա:

Հիշեցնենք,  որ Հայկի ընկերները դրամահավաք են նախաձեռնել և քաղաքացիներին խնդրում են միանալ՝ թեկուզև 1000-ական դրամներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել