Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ:

Այդպիսի պահերին ինքն իրեն հարցեր է տալիս. «Ի՞նչու ինձ հետ այդպես վարվեցին, ի՞նչի համար»: Եվ շատ հաճախ այն մարդը, ով վիրավորել է, տեղյակ չէ, որ իր վարքով կամ խոսքով նեղացրել է դիմացինին:

Արդյունքում մարդն իրեն տանջում է` ընկնելով դեպրեսիայի մեջ և գործելով չարդարացված արարքներ: Այսպիսի հոգեվիճակը չի կարող բացասական ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա:

Բժշկության մեջ «հոգեմարմնական» կոչվող ուղղությունն ուսումնասիրում է հոգեբանական պատճառների ազդեցությունը մարմնական հիվանդությունների զարգացման վրա:

Շատ հաճախ վիրավորանքի զգացումը և դրա հետ կապված հույզերն իրական պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների առաջացման համար:

Ստորև ներկայացնենք մի քանի օրինակ:

Ճարպակալում

Վիրավորված մարդը տառապում է դրական հույզերի պակասից և այդ ժամանակ նրա հաճույքի հիմնական աղբյուրը դառնում է կերակուրը: Հոգեկան տառապանքը նա կուլ է տալիս ինչ-որ համեղ պատառով: Այս գործընթացը նա կրկնում է շատ հաճախ, որը բերում է քաշի ավելացման:

Կոկորդի հիվանդություն

Երկար ժամանակ չբուժվող և քրոնիկ բնույթ կրող լարինգոզները և ֆարինգիտներն առաջանում են «կուլ տված» վիրավորանքի և ժամանակին չարտահայտված հույզերի պատճառով: Այդպիսի հիվանդություններ ունենում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում պատասխանել վիրավորանք հասցնողին և ստիպված են լինում լուռ տանել:

Սրտի հիվանդություններ

Սիրտն իսկական թիրախ է վիրավորանքի համար: Այն ծանր բեռի նման դրվում է նրա վրա` ճնշելով և առաջացնելով սուր ծակոցներ:

Ինչպե՞ս խուսափել այս ամենից

Ներումը հզոր ուժ է` հաղթահարելու վիրավորանքը: Անգամ եթե մարդն ամեն կերպ փորձում է մոռանալ իրեն հասցված վիրավորանքները, միևնույն է, նրանք մնում են ենթագիտակցականի խորքում ու աստիճանաբար քայքայում օրգանիզմը` առաջացնելով նոր հիվանդություններ:

Վիրավորանքից և նրա հետևանքներց ազատվելու միակ ելքն անկեղծ ներումն է: Ներել նրանց, ովքեր երբևէ վիրավորել են: Այս մասին խոսում է նաև քրիստոնեությունը:

Սակայն վիրավորանքը հաղթահարելը բավականին դժվար է:

Ի՞նչը կարող է օգնել մարդուն այդ դժվարին հոգևոր աշխատանքում

Վիրավորանքի խոստովանությունը: Մարդը պետք է ազնվորեն խոստովանի ինքն իրեն և գիտակցի, որ վիրավորված է:

Աղոթքները

Արտաբերելով աղոթքների խոսքերը` մարդու հոգեկանում առաջանում է ներդաշնակություն: Աղոթքներում կան այնպիսի խոսքեր, որոնք օգնում են «փափկացնել» սիրտը և թողնել վիրավորանքը:

Անկեղծ խոսակցությունը

Դա շատերի համար թվում է դժվար, և հարց է առաջանում. «Ինչո՞ւ ես պետք է սկսեմ խոսել այն մարդու հետ, ով ինձ վիրավորել է»: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա կհասկանանք, որ դա բխում է մեր շահերից․ չէ՞ որ վիրավորված մարդն է ցանկանում ազատվել այդ կործանարար զգացումից, որը պահում է նրան գերության մեջ և գցում է կյանքի որակը, ուստի անհրաժեշտ է, որքան հնարավոր է, արագ լուծել այդ ցավոտ խնդիրը: Եվ միգուցե արժե՞ անցնել սեփական հպարտության վրայով և ներման ճանապարհի առաջին քայլերն անել:

Նայել վիրավորանքին այլ տեսանկյունից

Երբեմն մարդուն վիրավորող խոսքերը և արարքները կյանքի դասեր են դառնում ու նպաստում նրա անձնային աճին:

Անգամ դավաճանությունը երբեմն կարող է նպաստել մարդկանց ճանաչման հարցում նոր հմտություններ ձեռք բերելու և ավելի վստահելի ընկերներ ունենալու հարցում:

Եվ ի վերջո, մարդիկ կատարյալ չեն, և յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում կամա թե ակամա վիրավորել իրեն շրջապատող մարդկանց:

Ուրեմն՝ փորձենք խիստ չդատել և ներողամիտ գտնվել մյուսների հանդեպ: Ներել, որպեսզի ներվես:

Հոգին մաքրելով վիրավորանքի զգացումներից՝ մենք այնտեղ տեղ ենք ազատում սիրո, ուրախության և այլ դրական զգացումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել