Կարկուտը խփեց՝ խնդիր է, ծիրանը շատ է՝ խնդիր է. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանում այս մասին խոսեց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը: «Գյուղատնտեսության նախարարությունը մի քանի օր առաջ իր վրա պատասխանատվություն վերցրեց, որ մի հատիկ ծիրան չի մնալու, բայց այսօր գյուղացիները փաստի առաջ են՝ գործարանները չեն մթերում կամ ընտրած-ջոկած ծիրանը վերցնում են 200 դրամով: Էս հարցը շուտ է պետք լուծել, բերքը ծառից թափվում-փչանում է»,- նշեց նա:
Սեդրակյանի դիտարկմամբ՝ վերամշակող ձեռնարկություններին անհրաժեշտ է վարկ, որ կարողանա մթերել ծիրանն ու կազմակերպել վերամշակումը: «Հիմա մեզ համար անակնկալ էր, որ ծիրանը շատ էր, բայց պետք էր պատրաստ լինել»,- նշեց նա:
Անդրադառնալով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի «Չեք կարողանում իրացնել բերքը, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք» խոսքին՝ Սեդրակյանը հարցրեց. «Բա գյուղացին որ գյուղատնտեսության չզբաղվի, բա ի՞նչ անի»:
ՀԿ-ի նախագահը վստահ է, որ եթե նախորդ տարիներին գյուղատնտեսությանը Համաշխարհային բանկի ու այլ կազմակերպություններից տրված միջոցները ճիշտ օգտագործվեին, ապա մեր երկիրն այսօր կլիներ զարգացած ագրարային երկիր: «Օրինակ՝ մեծ գումարներ են տրվում անասնապահության ոլորտին: Ամբողջը ծախսվում է վերևներում՝ իրենց գրասենյակների եվրոռեմոնտի ու գույքի ու մնացածի վրա, մինչև հասնում է գյուղ, բան չի մնում: Մի գյուղին սպասարկելու համար անասնաբույժին տրվում է 6200 դրամ. պարզ խոսենք, ո՞ր անասնաբույժը էդ գումարով անընդհատ կգնա ու անասուններին կստուգի: Շատերն են ասում, որ անասունների մոտ թաքնված հիվանդություններ կան, բայց ի՞նչ աղմուկ բարձրացնեն»,- նշեց նա:
Սեդրակյանի դիտարկմամբ՝ մինչ օրս մեր երկրում իրականացվել և իրականացվում է սխալ ագրարային քաղաքականություն, որի արդյունքում դատարկվում են գյուղերը: «Մի կողմում արոտավայր են բարելավում, կողքին հէկ են բացում, որ չորացնում է ամբողջ այս շրջակայքը՝ իրենց բարելաված արոտավայրը: Անիմաստ բան են անում, հետևից էլ ոչնչացնում բնությունը: 24 տոկոսով վարկ էին տալիս, գյուղացուն դրեցին պարտքերի մեջ, տներն են ձեռքներից առնում, հիմա նոր տոկոս են իջեցրել. էլ ո՞վ պիտի վերցնի, արդեն պարտքի տակ են: Շատը էդ փողը վերցնում են վարկով, գնում Ռուսաստան, որ բերեն, էդ պարտքերը փակեն»,- նշեց նա: