Շնորհավորում եմ Ամերիկյան ազգին անկախության տոնի առթիվ:

Կարծում եմ, որ հուլիսի 4-ը տոն է ոչ միայն Ամերիկայի ժողովրդի, այլ նաև ողջ ազատ աշխարհի համար, և հատկապես այն բոլոր ազգերի ու ժողովուրդների, որոնք մարտնչել են հանուն ազատության և անկախության` անցնելով մաքառման դժվարին և երկար ճանապարհ: Հայ ժողովուրդն, անտարակույս, պատկանում է այդ ժողովուրդների թվին:

Մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ կայուն և հետևողական զարգացող հարաբերությունները, և այս իմաստով, որպես «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, չեմ կարող սահմանափակվել միայն բարեմաղթանքներով, այլ հարկ եմ համարում կոնկրետ նախաձեռնություններով և գործողություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Այս առաքելության շրջանակներում օրերս նամակով պաշտոնապես դիմել եմ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակքոնելլին` խնդրելով և պահանջելով նախաձեռնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ քննարկումները ԱՄՆ սենատում:

Հիշեցնեմ, որ այս բանաձևն արգելում էր ԱՄՆ գործադիր իշխանությանը «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում որևէ աջակցություն տրամադրել Ադրբեջանին` Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորած ագրեսիայի և բռնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակաօրինական շրջափակման պատճառով: 907 բանաձևը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականության զսպման և Արցախի ժողովրդի կողմից իր գոյության և իր պատմական հայրենիքում խաղաղ կենսագործունեության երաշխավորման համար:

Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ Կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համար կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն:

Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից:

Լիահույս եմ, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի պահի լրջությունը, Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգ, հատկապես վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում:

Նամակի պատասխանը ստանալուն պես հանրությանը կտեղեկացնեմ դրա բովանդակության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել