Շուրջ մեկ տարի է՝ հանրությունը հետևում է Մարտի 1-ի գործով տեղի ունեցող իրադարձություններին ու դատական պրոցեսներին: Մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի ուշագրավ բացահայտումներ, որոնք փոխեցին հանրության ու փորձագիտական շրջանակների մոտ ձևավորված ու կարծրացած պատկերացումները 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Սկզբում Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև նրան անսպասելի կերպով կալանավորեցին: Քոչարյանը մեղադրվում էր Մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Առանցքայինն այստեղ այն է, որ երկրոդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ոչ թե Մարտի 1-ի գործողությունները կազմակերպելու, այլ սահմանադրական կարգը տապալելու համար: Իսկ դա Մարտի 1-ի կազմակերպման ու 10 զոհերի սպանությունների բացահայտման հետ ոչ մի կապ չունի, ուստի Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, թե Մարտի 1-ը բացահայտված է, իրականության հետ աղերս չունի, քանի որ ո՛չ կազմակերպիչները, ոչ էլ առավել ևս սպանություն կատարած անձինք չեն հայտնաբերվել ու պատասխանատվության չեն կանչվել: Արդյունքում ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում է անազատության մեջ, իսկ գործի իրական բացահայտման համար չկա ոչ մի նախադրյալ:

Փոխարենը վերջին ամիսների ընթացքում բացահայտումներ եղան այլ ոլորտներում. լրատվական դաշտում հայտնվեցին Մարտի 1-ի գործի թեմայով ձայնագրություններ, որոնք հիմք էին տալիս մտածելու, որ գործող իշխանությունն իրականացնում է «զանգովի արդարադատություն»՝ վարչապետի գլխավորությամբ: Ճնշումներ են գործադրվում դատարանների վրա, ու դատավորներին պարտադրվում են արդեն գրված ու հաստատված վճիռներ: Արդյունքում հեղինակազրկվում ու վարկաբեկվում են պետական կարևորագույն ինստիտուտները, ինչը բացասաբար է անդրադառնում նաև պետության հեղինակության վրա:

Ի՞նչ է ստացվում. բացի նրանից, որ տվյալ գործի շրջանակներում ոչ մի բացահայտում չի արվել, մեծացել է նաև հասարակության անվստահությունը թե՛ գործող իշխանությունների, թե՛ պետական ինստիտուտների ու հատկապես դատական համակարգի նկատմամբ: Իշխանության անհեռատես ու իմպուլսիվ գործելաոճի արդյունքում մարդիկ բաժանվել են սևերի ու սպիտակների, պառակտում է առաջացել հասարակության տարբեր շերտերի շրջանում: Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն սկսել է բավարարել սեփական ամբիցիաները՝ պետական լծակները ծառայեցնելով ի շահ իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել