Բրիտանացի հեղինակավոր վերլուծաբան Ջեյմս Հոռնքաստլը ESPN-ի իր բլոգում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանֆսերին:
Երբ «Շախտյորը» գոլի հեղինակ է դառնում, մարզադաշտում հնչում է խաղացողի երկրի երաժշտությունը: Երկրպագուները սովորել են հայկական երաժշտություն լսելուն «Դոնբաս Արենայում»: Անցած մրցաշրջանում թվում էր, թե Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» միակ երաժշտությունն էր այնտեղ:

«Շախտյորի» լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն էր 25 գոլով: Այդ թվին հասնելով` նա փոխեց նաև ակումբի երաժշտությունը: Գաիտանան` ուկրաինացի փոփ աստղը, խոստացել էր «Շախտյորի» հիմնը երգել հայերեն, եթե Մխիթարյանը հասնի այդ թվին:

Արդյո՞ք «Լիվերպուլը» հայերեն կերգի «You Never Walk Alone»-ը «Էնֆիլդում», եթե նա միանա ակումբին ու խփի նույնքան գոլ, անհայտ է: Բայց «Շախտյորում» այս արդյունքին հասնելը մեծ հպարտություն էր Մխիթարյանի համար, ինչպես նաև նրա ներառումը «Գարդիանի» տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

Երբ նրան դրա մասին ասացին, Մխիթարյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ դրա համար, ոչ միայն այն պատճառով, որ երիտասարդ եմ [նա 24 տարեկան է], այլ նաև որ հայ եմ: Իմ երկրից մեկի համար հեշտ չէ այս ցուցակներում ներառվելը»:

Թեև դա ճշմարիտ է, Մխիթարյանը լավ ժառանգականություն ունի: Նրա հայրը` Համլետը, ռմբարկու էր: Շեքսպիրյան տողեր կարդալու փոխարեն, սակայն, նա առաջնորդում էր 80-ականների «Արարատի»` խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի ամենահաջողակ ակումբի և 1975-ին Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակչի մասնակցի հարձակման գիծը:

Երբ Բեռլինյան պատը քանդվեց, ԽՍՀՄ-ը կազմալուծվեց, իսկ Հայաստանը պատերազմի մեջ մտավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար, ավագ Մխիթարյանը գնաց խաղալու Ֆրանսիայում: Նրա երիտասարդ ընտանիքը հետևեց նրան ու դիտեց, թե ինչպես է նա խաղում «Վալենսում», հետո «Իսսիում»` տեղի հայկական համայնքների ակումբներում: Համլետը երկու անգամ ներկայացրեց նորանկախ Հայաստանը:

«Ես շատ հիշողություններ ունեմ այդ ժամանակվանից և բոլորն էլ գեղեցիկ են, որովհետև հայրս ինձ հետ էր, իսկ այժմ այլևս չկա,- պատմեց Հենրիխը «Գաձձետտա դելլո Սպորտին» «Յուվենթուսի» հետ «Շախտյորի» խաղից առաջ:- Նա ինձ իր հետ մարզումների էր տանում: Հիշում եմ, որ կանգնում էի դռան մոտ և սպասում, որ նա իջնի ու նշան տա, որ գնում ենք»:

Ֆրանսիայում էր, որ Համլետը լուրջ հիվանդացավ: Ախտորոշումը դաժան էր: Նա ուղեղի ուռուցք ուներ: Եվ այդպես 1996-ին Մխիթարյանները վերադարձան Հայաստան: Մեկ տարի անց Համլետը մահացավ: Նա ընդամենը 33 տարեկան էր, իսկ նրա որդին` դեռ յոթ:

«Ես դիտել եմ նրա տեսագրությունները, նա շատ գոլեր է խփել Խորհրդային բարձրագույն լիգայում ու Ֆրանսիայում,- հիշում է Հենրիխը:- Ընկերներն ասում են ինձ, որ նա մեծ խաղացող էր, գեղեցիկ խաղ էր խաղում, և նրանք, ովքեր նրա հետ ժամանակ են անցկացրել, ասում են, որ նրան ճանաչելը հաճույք էր»:

Հենրիխը նույնպես ցանկանում էր ֆուտբոլիստ դառնալ: Դա բնական էր: Նա դաստիարակվել էր խաղի մեջ և ոգեշնչվել հոր հիշատակով: Բայց այն ուղին, որին նա հետևեց, բոլորովին ուղիղ կամ սովորական չէր:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել