Ցանկացած ճգնաժամ պետք է ունենա ինչ-որ օբյեկտիվ դրսևորում, օրինակ՝ որևէ սահմանադրական մարմին չի կարողանում գումարել իր նիստերը, կամ նրա կազմի մեջ մտնող պաշտոնատար անձինք չեն կարողանում կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները, կամ նրանք ունակ չեն ընդունելու որոշումներ, քանի որ անհնարին է լինում ապահովել գործունակ մեծամասնություն և այլն: Այդ առումով Սահմանադրական դատարանում, ինչպես որ ի լուր մեր հանրության հայտարարեցին Սահմանադրական դատարանի ութ դատավորներ, որևէ ճգնաժամ չկա:  Սահմանադրական դատարանն ամեն շաբաթ ընդունում է որոշումներ, Սահմանադրական դատարանին շարունակում են դիմել կառավարությունը, Ազգային ժողովը, դատավորները, գլխավոր դատախազը, քաղաքացիները և այլն:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Գրիգորյանի հայտարարություններին և նրա նամակին, ապա դա իր մասնավոր կարծիքն է, որը չեն կիսում ինչպես ՍԴ մյուս բոլոր դատավորները, այնպես էլ շատ հեղինակավոր իրավաբաններ: Իսկ ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտնի արձակ ստեղծագործությանը՝ նամակի տեսքով, ապա այդ նամակի հասցեատերերին պետք է խստագույնս նախազգուշացնեմ, որ որևէ միջամտություն Սահմանադրական դատարանի և նրա դատավորների բնականոն գործունեությանը, որևէ գնահատական նրա դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իրենց համար առաջացնելու է ոչ միայն քաղաքական, այլև օրենքով սահմանված պատասխանատվություն, ուստի այս հարցով որևէ քննարկում, որևէ կարծիք պաշտոնատար անձանց կողմից պետք է իրականացվի բացառապես Սահմանադրական դատարանի և նրա դատավորների հեղինակության պահպանմամբ, հակառակ դեպքում կհանգեցնի կոշտ հակազդեցության Սահմանադրական դատարանի կողմից նրան վերապահված ամբողջ գործիքակազմի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել