


Այսօր կեսօրին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Karlen Aslanyan-ի եւ օպերատորի հետ գնացինք Սունդուկյան 90 շենքի բակ՝ ետնամասում գտնվող չքնաղ պտղատու այգու վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու եւ բնակիչների հետ զրուցելու նպատակով: Ի՜նչ իմանայինք ես ու Կառլենը, որ մեր աչքի առաջ կինոն դրվագ առ դրվագ զարգանալու է.
1. Շենք հասնելուն պես նկատեցինք, որ ինչ-որ մարդ թղթերը ձեռքին մտնում է շենք: Ասացին, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչն է: Որոշեցինք սպասել, որ նա դուրս գա, եւ զրույցի բռնվենք: Բնակիչներից մեկն էլ ասաց, որ բակի զրուցարանում նստած տարեց մարդն էլ նույն կանտորայից է: Կառլենի, մի քանի բնակչի հետ մոտեցանք, բարեւեցին, ներկայացանք: Ինքն էլ ներկայացավ՝ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակից, կարծեմ՝ Կարապետյան ազգանունով (չի բացառվում, որ սխալ եմ հիշում): Խնդրեց չնկարահանել: Կառլենը հարգեց խնդրանքը: Հարցրեցի՝ «արդյոք տեղյա՞կ է բակի «բարեկարգման» նախագծից»: Պատասխանեց՝ «մոտավորապես»: Երբ բնակիչները եկան եւ լցվեցին զրուցարան, իսկ «Ազատություն» ռադիոկայանն էլ սկսեց ձայնագրել բնակիչների բողոքները, պարոնը ակնհայտ նյարդայնացավ ու «թռավ...»: Մարդիկ գոռում էին՝ «գոնե ջուրը միացրա, ծառերը ջրենք, նոր փախի...»:
2. Շարունակեցինք աշխատել: Լրագրողի հետ միասին գնացինք շենքի ետնամաս՝ այգին նկարելու, մարդկանց խոսեցնելու համար: Բնակիչները ծիրան, հատապտուղներ ու կեռաս հյուրասիրեցին, ու վերստին հասկացանք, թե ինչ հրաշք է այդ այգին: Կառլենի հետ տեղում պայմանավորվեցինք, որ մի քանի կադրեր էլ վերեւից՝ շենքի բարձր հարկերից նկարելուց հետո միասին կգնանք Արաբկիր «թաղապետարան» եւ նաեւ պաշտոնական տեսակետները կլսենք: Լրագրողները բարձրացան բնակարան, իսկ մենք կանգնած բակում սպասում էինք: Մարդիկ ցույց էին տալիս բակի «բարեկարգ» հատվածը, որտեղ թաղապատերանը միտումնավոր անջատել է ոռոգման ջուրը, իսկ տասնամյա ծառերը հիվանդացած էին ու թրթուրներով խեղդված. «թող գան այս պուրակը խնամեն, թող ջուր տան, մենք խնամենք...» բողոքում էին մարդիկ: Կառլենն ու օպերատորը եկան եւ շարժվեցինք դեպի շենքի անկյունային հատված՝ խնամված այգու այդ հատվածն էլ նկարելու համար: Ու... կինոն սկսվեց..
4. Եկան տղաներ. պարզվեց` նրանից մեկը՝ ՀՀԿ-ական կրծքանշանով, թաղապետի տեղակալն է, ում անունով էլ սպառնալից ծանուցագրեր են ուղարկվել բնակիչներին: Բայց նրանք միայնակ չէին եկել. ապամոնտաժող տեխնիկա, լիքը ջիպավորներ, ՀՀԿ-ականներ ու թաղապետարանի աշխատողներ: Մինչ նրանք կուտակվում էին տարածքում, բնակիչներն էլ հետ չմնացին: Սկսվեց բանավեճը: Հարցրեցի՝ «ո՞ւր է բարեկարգման նախագիծը»: Պատասխանեց՝ «մշակման ընթացքի մեջ է»: «Բա որ նախագիծ չունեք, ի՞նչ եք բարեկարգում, եւ ո՞վ է թույլ տվել նման գործելաոճն ու հաղորդակցությունը բնակիչների հետ»,-հանդիմանեցի ես: «Ուզում ենք լավ բան անել ժողովրդի համար, պարոն Սաֆարյան»,-պատասխանեց Միսկարյանը: Առարկեցի եւ նախազգուշացրեցի, որ նրանք նման ձեւով աշխատելու իրավունք չունեն ու կրկին պահանջեցի նախագիծը: «Թաղապետի մոտ կա»,-ասաց նա: «Ի՞նչ կա թաղապետի մոտ, եթե դուք եք ասում, որ նախագիծը մշակվում է, կամ եթե անգամ կա, ինչո՞ւ է դա պահվում թաղապետի սենյակում, եթե այն ժողովրդի համար է: Հենց հիմա գնում ենք թաղապետարան եւ ցույց եք տալիս նախագիծը»,-առաջարկեցի թաղապետի տեղակալին: «Մենք եկել ենք ապամոնտաժումն սկսելու, քանի որ մայթ չկա»,-ավետեց Միսկարյանը: «Ինչպե՞ս թե մայթ չկա: Հիմա միասին գնում ենք այնտեղ ու ապացուցեք, թե ինչպես չի «տեսնում» բավական լայն մայթը»,-առաջարկեցի ես: Բնակիչների ու Միսկարյանի հետ միասին շարժվեցինք այնտեղ:
5. Կրքերը թեժացան, երբ փորձեցին տեխնիկան մոտեցնել անկյունային ավտոտնակին՝ այն ապամոնտաժելու համար: Բնակիչները կանգեցին ավտոտնակի դեմը ու սպառնացին թույլ չտալ ապամոնտաժումը, այլապես վատ հետեւանքներ կլինեն... Վերջին անգամ հարցրեցի թաղապետի տեղակալին՝ «խնդիրն ավտոտնա՞կն է, թե՞ այգին»: Պատասխանեց՝ «այգին»: Առաջարկեցի ոչինչ չձեռնարկել, քանի որ խնդիրը գտնվում է քաղաքապետարանում, եւ մինչեւ չհասկանանք, թե ինչ է արվում տարածքի հետ եւ ինչպես է արվում, ոչ մի քայլ չենք անում: Միսկարյանը հայտարարեց, թե սկսում են ապամոնտաժումը: Իրավիճակը լարված էր: Հարցրեցի՝ «գիտակցո՞ւմ է, թե ինչ է լինելու»: Սպառնաց կանչել ոստիկանություն: Ասացի, որ կամքն իրենն է, եւ թող բարի լինի կրել հետեւանքների պատասխանատվությունը: Այդ ընթացքում հավաքված բազմությունը ավելի ալեկոծված ու անկառավարելի էր դառնում՝ ցույց տալով, որ բացարձակ չի զիջելու, եւ մարդիկ պատրաստ են անգամ ձեռնամարտի: Լավ էր, օգնության հասավ նաեւ Գագիկ Բաղդասարյանը «Բարեւ Երեւան» խմբակցությունից: Իսկ վատառողջ Դավիթ Սանասարյանն ու Անահիտ Բախշյանը հեռախոսակապով էին հաղորդակցության մեջ:
6. Թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցները առանձնացան մի փոքր ներքեւում: Բնակիչներից մեկը նրանց ցույց տվեց քաղաքապետարան մուտք արված դիմումի ծանուցման կտրոնը, բանալին: Քիչ անց բոլորը նստեցին ավտոմեքենաներն ու շարժվեցին: Նրանցից մեկը հարկ համարեց տեղեկացնել, որ հեռանում են:
7. Որքան էլ նրանք հեռացել էին, մարդիկ չէին ցրվում տարածքից` մտածելով, որ «բարեկարգիչները» նորից կգան: Ժամանեց նաեւ ոստիկանությունը: Տղաները հետաքրքրվեցին, թե ինչ վիճակ է, եւ ասացին, որ հանձնարարություն ունեն թույլ չտալ, որ որեւէ կողմը նեղացնի մյուս կողմին: Տղաներին զգուշացրեցի, որպեսզի նախկինի նման կուրորեն թիկունք չապահովեն քաղաքապետարանի ու թաղապետարանի ապօրինի գործողությունների համար, ինչպես Փափազյան փողոցում էր եւ այլն: Հետաքրքրվեցին գործի մանրամասներով, տեղեկացվեցին, որ թաղապետարանը որեւէ որոշում, նախագիծ, փաստաթուղթ ցույց չի տվել, սակայն սպառնում է քանդել... Ոստիկանները մի կես ժամ կանգնեցին մեր հետ, ապա հայտնեցին, որ գնում են ու խնդրեցին ահազանգի դեպքում տեղեկացնել:
8. Գագիկ Բաղդասարյանին ու ինձ հրաշալի սուրճ հյուրասիրեցին այդ չքնաղ պուրակում: Ահագին կեռաս կերանք, վայելեցինք մաքուր օդը ու պայմանավորվեցինք կապի մեջ լինել ու սթափ մնալ: Ուշացումով այլոք էլ եկան եւ ասացին, որ պինդ կանգնած են...
9. Պարզվեց` այդ շենքում բնակվել են իմ համալսարանական երկու կուրսընկերներ (ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետից)՝ Նելլի Գոմցյանը եւ Կարեն Խառատյանը: Նրանք այժմ Հայաստանում չեն, բայց նրանց ծնողները այնտեղ են ապրում ու պայքարի են դուրս եկել: Պարտքս համարեցի այգու համար պայքարել՝ ինչպես իմ այգին կպաշտպանեի:
10. Քաղաքապետին բարի հորդոր եմ ուղղում՝ ուշադիր նայել Ստամբուլի Գեզի այգու զարգացումներին: Սա իմ կյանքում եզակի բան է, երբ մեծաքանակ թվով մարդիկ են կանգնում իրենց բակի համար: Այդպիսի բան չեմ տեսել ո՛չ Վիշապի պուրակում, ո՛չ Երզնկյան-Պուշկինի պուրակում, ո՛չ անգամ Մաշտոցի պուրակում (Մաշտոցի պուրակում հիմնականում տեղի բնակիչներ չէին)... Անասելի մեծ թվով մարդիկ են ոտքի կանգնած: Սունդուկյան 90-ի բակը իրոք աննախադեպ է, եւ դա անկեղծորեն եմ ասում: Քաղաքապետարանը ուղղակի խաղում է վառոդով լի տակառի հետ: Ետ կանգնեք ու համակերպվեք, որ այդ այգին լինելու է շենքի բնակիչներինը, ովքեր այն տարիներ շարունակ պահպանել են, աղբակույտից վեր են ածել դրախտի, դույլերով ջրել են ու պատրաստ են կրծքով պաշտպանել...



