«Մենդելեևի պարբերական աղյուսակում այլևս ոչինչ չկա՞ ավելացնելու։ Ռուս ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը՝ ներկայումս կենդանի միակ գիտնականը, ում տարրն անվանված է իր իսկ պատվին, այդպես չի կարծում»,- գրում է Science Magazine պարբերականը։

Ամերիկայն գիտահետազոտական Science Magazine պարբերականը հոդված է հրապարակել, որը նվիրված է Ֆլյորովի անվան միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի մրցանակակիր, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ 85-ամյա Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանվել է պարբերական աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson/Og), ոչ միայն կենդանի լեգենդ է, այլև գիտնական, որը նոր տեխնոլոգիական հեղափոխության ակունքներում է կանգնած։ Այժմ Հովհաննիսյանը 86 տարեկան է։

«Առաջ շարժվելու համար Ֆլյորովի անվան լաբորատորիան, որն այսօր գլխավորում է Հովհաննիսյանը, նոր ընկերություն է հիմնել՝ Գերծանր տարրերի գործարանը, որի արժողությունը 60 միլիոն դոլար է։ Հենց այստեղ էլ Հովհաննիսյանն ու նրա գործընկերները պատրաստվում են բացահայտել 119-րդ և 120-րդ տարրերը»,- գրում է պարբերականը։

Science Magazine-ը կարծում է, որ ոչ մի կենդանի գիտնական չի արել այնքան էական բացահայտումներ միջուկային ֆիզիկայում, ինչքան հայկական ծագում ունեցող գիտնական Յուրի Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել