Շարունակելով նախորդ գրառումներում արծարծված թեմաները՝ Մարտական ոգու, Բանակում ծառայելը՝ որպես պատվի ու արժանապատվության հարց դիտարկելու մասին, կցանկանայի այս անգամ խոսքս սկսել Անդրե Մորուայի և 19-ամյա պատանու երկխոսությամբ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն մի քանի գերմանական ինքնաթիռ էր ոչնչացրել.
-Դժվա՞ր էր ոչնչացնել գերմանական ռմբակոծիչները, հարցրեց Մորուան:
-Ո՛չ, դժվար չէր, ուղղակի պետք էր ճիշտ կատարել այն հրահանգները, որոնք ստացել եմ թռիչքային դպրոցում, ինչը նշանակում է՝ թռչել հակառակորդի ինքնաթիռի հետևից` ուշադրություն չդարձնելով նրա կողմից բաց թողնված կրակահերթին: Այնուհետև, երբ մոտավորապես կմնա մեր միջև 300 մետր, պետք է բռնել նրան այն կարմիր շրջանագծի մեջ, որը տեսնում ես առջևի ապակու լապտերի վրա: Եվ այստեղ, ինչպես սովորեցրել են ինձ դպրոցում, պետք է սեղմել ձգանը: Հենց այդ պահին գորոծողության մեջ կդրվեն 8 ավտոմատներ և գերմանացուն կոչնչացնեն: Ես միշտ հետևել եմ հրահանգներին: 300 մետր հեռավորության վրա ես միշտ նշանակետին եմ վերցրել թշնամու ինքնաթիռը և քաշել ձգանը՝ ոչնչացնելով նրան: Ինչպես տեսնում եք, դա բացարձակապես դժվար չէ:
Այս երիտասարդ սպային սովորեցրել են հատուկ հրահանգներ, իսկ ինքն իր գործի գիտակն էր: Օդային պայքարի այս արվեստը իրականում պարզ բանաձև ուներ՝ մոտենալ թշնամուն, ուշադիր նշան բռնել և հարված հասցնել: Մյուս կողմից էլ՝ արդյունավետ ուսուցումը՝ լավ բարոյական մթնոլորտի առկայության արդյունք էր: Օդաչուն վստահ էր, որ այն ինչ իրեն սովորեցրել և հրահանգել են, հենց այդպես էլ իրագործվելու էր: Դժվա՞ր էր: Իհարկե ոչ: Բացի նյութական գործոններից, ինչպիսիք են զինվածությունը, ուսուցումը, զենքը, սարքավորումները, բանակի Մարտական ոգու ձևավորման գործում էական դեր ունեն նաև հոգեբանական գործոնները, որոնցից առավել մեծ նշանակություն ունեն՝ 1. Անհատը նախ և առաջ պետք է հավատա իրեն, 2. Բանակը պետք է հավատա իր ուժերին, 3. Բանակը պետք է հավատա իր հրամանատարին, 4. Բանակը պետք է հավատա իր երկրին, 5. Բանակը պետք է հավատա իր երկրի գործին: Նշեմ նաև, որ բոլոր դեպքերում դժվար չէ նկատել, որ Բանակի մարտական ոգին բարձր պահելու համար պետք է նախ և առաջ ՀԱՎԱՏ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել