Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թվականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլարի) չափով վնաս: Հունիսի 2-ին այս գնահատումն է հայտնել Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2018 թվականին ՌԴ-ից Վրաստան է այցելել 1,4 միլիոն զբոսաշրջիկ: Նույն թվականին զբոսաշրջության ոլորտում մուտքերը կազմել են 2 միլիարդ լարի: 2019 թվականին մենք սպասում էինք 1,7 միլիոն զբոսաշրջիկ և 2,5 միլիարդ լարի (ավելի քան 886 միլիոն դոլար): Այսպիսով՝ մեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ մենք կընդունենք շուրջ 1 միլիոնով պակաս զբոսաշրջիկ և կկորցնենք մինչև 2 միլիարդ լարի»,- ասել է Կվիրվիշվիլին:

Վրաստանի Զբոսարջության ազգային վարչակազմի տվյալներով՝ մայիսին հանրապետություն է այցելել ավելի քան 172 հազար ռուսաստանցի․ այդ կերպ Ռուսաստանն այդ ամսին եղել է առաջին տեղում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել