Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս IX-ը, ով կառավարել է 1226-1270 թթ., մահից քիչ ժամանակ առաջ տառապել է լնդախտով։ Նման եզրահանգման է եկել ուսումնասիրողների միջազգային խումբը, որն ուսումնասիրում էր միապետի մարմնի մնացորդները։ Եզրահանգումը հակադրվում է նախկինում առաջ քաշված վարկածին, ըստ որի՝ Լյուդովիկոսը, հնարավոր է, մահացել էր ժանտախտից կամ դիզենտերիայից։

Մասնագետները կատարել են ծնոտի դատաբժշկական փորձաքննություն, որը պահվում էր Փարիզի Նոտր Դամ տաճարում։ Համարվում է, որ այն պատկանում է Ութերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ զոհված Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ին։

Նրա մահից անմիջապես հետո՝ 1270 թ., Լյուդովիկոսի ժառանգը՝ արքա Ֆիլիպ III-ը, կանոնականացման հարց բարձրացրեց։ Կանոնականացումը եկեղեցական բարձրագույն իշխանության կողմից օրենսդրական գործողություն է, որի միջոցով քրիստոնյա հերոսը, որ հայտնի է դարձել իր սխրանքներով, հետմահու դասվում է սրբերի շարքին։ 1297 թ. հանգուցյալ միապետը կանոնականացվեց և անվանվեց Սուրբ Լյուդովիկոս Ֆրանսիացի՝ դառնալով առաջին սուրբը ֆրանսիացի արքաների շարքում։ Ի սկզբանե Լյուդովիկոսի մնացորդները պահպանվում էին Սեն-Դենիի աբբայությունում, սակայն ավելի ուշ դրանք տեղափոխվեցին։ Նոտր Դամ հասավ միապետի ծնոտը։

Սկզբում մասնագետներն ուսումնասիրեցին Նոտր Դամում պահվող ծնոտը և եզրակացրին, որ այն պատկանել է շուրջ 56 տարեկան մի տղամարդու, իսկ Լյուդովիկոսը մահվան պահին այդ տարիքին էր։ Ինչպես նաև մասնագետները համեմատեցին ծնոտը թագավորի արձանի հետ, որն արվել էր XIII դարում, և համապատասխանություն են գտել։

Ոսկրի ռադիոածխածնային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է 1030-1220 թթ., ինչը չի համապատասխանում Լյուդովիկոս IX-ի մահվան ժամանակահատվածի հետ։ Սակայն, ըստ հետազոտողների, հարկ է հաշվի առնել թագավորի սննդակարգը, որում, ըստ պատմական տվյալների, շատ ձուկ էր ներառված։

Հաճախակի ձկով սնվելը ևս կարող էր լնդախտ առաջացնել Լյուդովիկոսի մոտ, քանի որ հիվանդության պատճառը վիտամին C-ի սուր դեֆիցիտն է։ Եթե ընդունենք, որ միապետը Խաչակրաց արշավանքի ժամանակ արհամարհել է տեղի սննդամթերքն ու սնվել է միայն ձկով, ապա նա չի ստացել օգտակար նյութեր ու վիտամիններ անհրաժեշտ քանակությամբ։

Ծնոտի ուսումնասիրությունը թույլ է տվել լնդախտ հայտնաբերել հանգուցյալի մոտ, սակայն դա չի նշանակում, որ հենց դա է դարձել մահվան պատճառ։ Լնդախտը հանգեցնում է լնդերի բորբոքման, ատամների կորստի ու թուլության։ Հնարավոր է, որ այն թուլացրել է օրգանիզմը և այլ բորբոքումների հանգեցրել, ինչն էլ բերել է միապետի մահվան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել