Ինձ համար ամենաատելի միֆը, որը հատկապես թափ հավաքեց ապրիլյան հեղաշրջման օրերին ու դրանից հետո, մեծամասնության անսխալականության մասին հեքիաթն է։ Քանի՞ անգամ եք լսել ու տեսել հետևյալ միտքը․ «Բայց չէ՞ որ ողջ ժողովուրդը/ժողովրդի մեծամասնությունն այդպես ուզեց․․․»։ Ու վերջ, էս փաստարկը բերողներին թվում է, որ դրանով թեման փակվեց։ Քանի որ ողջ ժողովուրդն է կամ էլ դրա մեծամասնությունը, ուրեմն՝ չի կարող այն սխալ լինել։ Սա տխմարագույն ու ոչ մի քննադատության չդիմացող թեզ է։

Ես ու բազմաթիվ ադեկվատ մարդիկ բազմիցս բերել ենք պատմական օրինակներ, թե ինչպես են ժողովուրդները՝ առհասարակ, և հայ ժողովուրդը՝ մասնավորապես, ճակատագրական սխալներ գործել ու արել են դա սիստեմատիկ կերպով։

Երբ Պիղատոսը Քրիստոսի ճակատագիրն էր որոշում, նա ժողովրդին դիմեց, ու ժողովրդի մեծամասնությունը որոշեց խաչել Քրիստոսին։

Երբ հայկական թագավորության ճակատագիրն էր որոշվում, ժողովրդի մեծամասնությունը խառն էր Բյուզանդիա ու Պարսկաստան սիրելով։

Երբ Ռուսական կայսրությունում Կերենսկին խաղաղություն ու ազատություն էր խոստանում, ժողովրդի մեծամասնությունը գնաց Փետրվարյան հեղափոխության, իսկ հետո ստիպված եղավ անցնել Հոկտեմբերյան հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի քավարանով։

Երբ Առաջին հանրապետությունը ծնվեց, ժողովրդի մեծամասնությունը հավատաց, որ Անտանտի նավերը մեր սարերն են բարձրանալու, իսկ Կարսը թուրքին հանձնելով՝ խաղաղություն կհաստատվի։

Երբ Նախիջևանում առաջին փորձից հայաթափություն չստացվեց, ժողովրդի մեծամասնությունը հավատաց, որ հրանոթների փակաղակները պետք է հանձնել ու բանակցել առանց զենքի, որ վստահություն լինի, ու Նախիջևանը հայաթափվեց։

Երբ 88 թվին մեզ կերցնում էին պերեստրոյկայի հեքիաթները, ժողովրդի մեծամասնությունը վստահ էր, որ «Նաիրիտը», Կիրովականի խիմզավոդն ու ատոմակայանը մեզ պետք չեն, իսկ Ղարաբաղը Դեմիրճյանի գրպանում է, բայց ինքը չի ուզում տալ։

90-ականներին ժողովուրդը հավատում էր, որ հոսանքը հողին են տալիս։

1999-ի հոկտեմբերի 26-ին ժողովրդի մեծ մասը վստահ էր, որ Վազգենը ծծել ա ժողովրդի արյունը, ու էական չէ, որ արդեն ամսի 29-ից սկսեց ձևավորվել նույն ժողովրդի այլ մեծամասնություն, որը վստահ էր, որ Վազգենը սպարապետ է ու դարերի մեջ եզակի գործիչ։

2008-ին ժողովուրդը վստահ էր, որ ԼՏՊ-ն էլ էն ԼՏՊ-ն չէ, իսկ տնտեսությունը քանդել են էն կեղտոտ ղարաբաղցիք․․․

Ու սենց շարունակ, հասկանո՞ւմ եք։ 

Հասկանո՞ւմ եք, որ էս թավաքյալիությունը մենակ քաղաքական տհասությամբ չի արտահայտվում, ախր այն մեր կենցաղում է։ Ապացուցե՞մ օրինակներով։

Ժողովրդի մեծամասնությունը համարում էր, որ լևի լույսի ու տռուբա կտրելու մեջ վատ բան չկա, եթե տանդ համար ես անում։

Ժողովրդի մեծամասնությունը համարում էր, որ երկու բանի համար չի կարելի որևէ փող խնայել՝ երեխու դիպլոմի ու երեխուն բանակից ազատելու (2014-ից երկրորդը մի քիչ փոխվեց)։

Զորամասում ծառայող ժողովրդի մեծամասնությունը զուգարանում իր հետևից ջուր չէր քաշում, հետո մեծամասնության լուռ համաձայնությամբ իրանց մեջից մարդկանց էին ստորացնում ու ինքնասպանության հասցնում, որպեսզի մեծամասնության հետևից զուգարան մաքրող լինի։

Ժողովրդի մեծամասնությունը փողոցը զեբրայի վրայով չի անցնում, հարկերից է խուսափում, արտագաղթելու մասին է երազում, 2+ երեխա չի ունենում, ասում է «էս երկիրը», այլ ոչ «իմ պետությունը», ու էլի շատ բաներ։

Հասկանո՞ւմ եք, էս բոլոր օրինակները ժողովուրդը, իսկ ավելի ճիշտ՝ ժողովրդի մեծամասնությունն է անում։ Ու սխալ է անում։ Եվ դա մնում է սխալ, թեկուզև մեծամասնությունն է անում։ Ու մնալու է սխալ, անգամ եթե էլ չլինի ո՛չ մեծամասնություն, ո՛չ էլ ժողովուրդ։ Որովետև, և սա ամենադառը ճշամրտությունն է, ժողովրդի մեծամասնությունը գիտակից չէ և հակված է հոտային բնազդի տրվելուն, և դա հատուկ է ոչ միայն մեր, այլև բոլոր ժողովուրդներին բոլոր ժամանակներում։

Տարբերություն են կազմում միայն այն փոքրամասնությունները, որոնք կառավարում են այդ ժողովուրդներին այդ երկրներում ու այդ ժամանակներում։ Լավը եղան՝ մեծամասնությունն էլ լավը կանի, կրոն կստեղծի ու մայրցամաքներ գրավելով քաղաքակրթություն կպահի, արդյունաբերական ու գիտական հեղափոխություն կանի, Բեռլին կգրավի, Լուսնի վրա կիջնի և այլն։ Վատը եղավ՝ վատը կլինի։ Իշխող փոքրմասնություն չլինի՝ երաշխավորված բարդակ կլինի ու ինքնակործանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել