ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի բնակչուհիներից մեկը բոլոր մայրիկներին խորհուրդ է տվել փակ պահել իրենց սմարթֆոններում Amazon-ի հաշիվները, երբ իր 2-ամյա աղջիկը վերջերս գնում է կատարել հավելվածի միջոցով: 
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, փոքրիկն ընդամենը մեկ կոճակ սեղմելով թանկարժեք բազմոց է գնել: Իզաբելա ՄքՆեյլը նշել է, որ վերջերս սմարթֆոնով ուսումնասիրել է Amazon-ի միջոցով վաճառվող բազմոցները և, հավանաբար, պատշաճ կերպով չի փակել հավելվածը` հեռախոսը դստեր ձեռքը տալուց առաջ: Գնման մասին իրենք ոչինչ չեն իմացել մինչև առաքման պահը: 
«Ես այնպես էի ապշել, մտածում էի, գուցե, քնած ժամանակ եմ պատվեր կատարել»,- խոստովանել է ամերիկուհին: 
Պարզվում է, որ 2-ամյա Ռայնան հեռախոսով խաղ խաղալու փոխարեն բացել է հավելվածն ու սեղմել «Buy Now» («Գնել հիմա») ստեղնի վրա: Ամերիկուհին փորձել է չեղարկել պատվերը, սակայն իրեն ասել են, որ արդեն ուշ է: 
Եթե նա վերադարձներ գնված ապրանքը, ստիպված կլիներ 79 դոլար տուգանք վճարել, ինչպես նաև 100 դոլար՝ առաքման համար: Այժմ նա փորձում է բազմոցը վաճառել առցանց տարբերակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել