Հոգեբանական գործոնի դերը բանակի կարգապահության արդյունավետության բարձրացման գործում մեծ է: Վատ կարգապահությամբ աչքի ընկնող բանակին բնորոշ են ցանկացած ամբոխին վերագրվող թուլությունները, կամ էլ հակառակը, կարող ենք մեկնաբանել, որ միայն կարգապահությունն է ամբոխը վերածում բանակի: Միևնույն ժամանակ բարձր կարգապահությամբ աչքի ընկնող բանակին հնարավոր չէ վախեցնել անսպասելի վտանգով, այն դեպքում, երբ վատ կարգապահությամբ աչքի ընկնող բանակն անմիջապես խուճապի է մատնվում: Խնդիրը հոգեբանական գործոնի դերի մեջ է: Այսպես, 18 տարեկանում երիտասարդը ձգտում է ընտրել մասնագիտություն՝ իր ցանկություններին ու բնավորությանը համապատասխան: Այդ առումով, պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրությունը զինվորական կոմիսարիատում անուղղակիորեն կապված է կոնկրետ երիտասարդի ապագայի հետ և իրենից ներկայացնում է մանրամասն ու համալիր ուսումնասիրություն: Ինչպիսի՞ն է Պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրությունը: Այն կարելի է բնորոշել որպես նորակոչիկի բնավորության հիմնական գծերի վերհանում և համադրում նրա մասնագիտական այն կարևոր հատկանիշների հետ, որոնք անհրաժեշտ են զինծառայության ընթացքում՝ տարբեր զինվորական կոչումների համար: Նորակոչիկի անձնական հատկանիշները ուսումնասիրվում են հստակեցնելու համար նրա համապատասխանությունը որոշակի ռազմական մասնագիտություններին: Ուսումնասիրությունը իրականացվում է երեք ուղղություններով՝ հոգեբանական, սոցիալ-հոգեբանական և ֆիզիոլոգիական: Պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության արդյունքում արդեն իսկ կատարվում է եզրակացություն, թե տվյալ նորակոչիկը կոնկրետ զինվորական որ կոչմանը կարող է հավակնել: Նման ընտրությունը, ինչ խոսք, հնարավորություն կտա ունենալ ճիշտ զինվոր, ճիշտ տեղում՝ նպաստելով յուրաքանչյուր զինակոչիկի մոտ ինքնարտահայտման արդյունավետ դրսևորմանը: Եվ հավելենք, որ Նապոլեոնը հասավ մեծության ոչ թե այն պատճառով, որ հրաշալի տիրապետում էր ռազմավարության կանոններին, այլ շնորհիվ այն բանի, որ հրաշալի տիրապետում էր պատերազմի ընթացքում մարդկային հոգեբանությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել