Իտալական դատարանը Ferrari 250 GTO ավտոմեքենան ճանաչել է որպես արվեստի նմուշ։ Այս որոշումը նշանակում է, որ մոդելը կրկնօրինակման ենթակա չէ։
Դատական գործի համար առիթ է դարձել Ferrari-ի կողմից ներկայացված հայցն ընդեմ Modena կազմակերպության, որը ցանկացել է կրկնօրինակել հայտնի 250 GTO մոդելը։ Դատական որոշման մեջ նշվում է «թափքի հատուկ գծերի և դիզայնի էսթետիկ տարրերի մասին», որոնք այս մեքենան դարձնում են իսկական մշակութային արժեք։ Ferrari-ին իր հերթին նշել է, որ սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեքենան ճանաչվում է արվեստի նմուշ։
Մեքենան արտադրվել է 1962-ից մինչև 1964 թվականները։ Արտադրվել է ընդամենը 36 նմուշ։ Այն ժամանակ մեքենայի արժեքը կազմել է 18 հազար դոլար, իսկ կես դար անց նրա գինը հասել է տասնյակ միլիոնների։
2018 թվականին 36 նմուշներից մեկը վաճառվել էր այդ ժամանակի համար ռեկորդային՝ 48,4 միլիոն դոլարով։ Եվս մեկ մեքենա էլ գնվել էր մասնավոր կերպով՝ 80 միլիոն դոլարով։ Բացառված չէ, որ իտալական դատարանի որոշումից հետո մեքենայի արժեքին կավելանա ևս մեկ զրո։