Վառնայի հայկական եկեղեցին գոյություն է ունեցել դեռևս 17-րդ դարում։ Այդ մասին վկայում են եկեղեցու գերեզմանաքարերին ու սալիկներին արված գրառումները։ Դրանց վրա նշված են հետևյալ տարեթվերը՝ 1677, 1695, 1775։ Բանն այն է, որ այս վայրում մի ժամանակ գործել են քաղաքային գերեզմանատուն և հին եկեղեցի, սակայն անհայտ պայմաններում վերջինս այրվել է։
Միայն մեկ տարի անց հին եկեղեցու տեղում կառուցվել է նորը՝ արդեն քարից, և կոչվել է Սբ. Սարգսի անունով։ Կառուցման գաղափարը Վառնայի հայկական գաղութի առաջնորդինն էր՝ Հաջի Սարգիս Հայրապետյանինը։ Եկեղեցու երեցը Հաջի Հարությունն էր։ Հայտնի է, որ վերջինս աստվածաշնչյան մորուքով հոգևորական էր, լավ լեզվաբան ու պատմաբան։
Այն ժամանակ քաղաքում չկային բուլղարացիներ և բուլղարական եկեղեցիներ, այդ իսկ պատճառով եկեղեցի կառուցելու համար թույլտվություն պետք էր ստանալ թուրքական իշխանություններից։ Արգելվում էր զանգակատներ կառուցել, իսկ եկեղեցին պետք է շրջապատված լիներ բարձր պարիսպներով։

Սբ. Սարգիս եկեղեցու կառուցումն ավարտվել է 1844 թ., իսկ նույն թվականի հունվարի 25-ին այն օծվել է։ Եկեղեցու մոտ բակ կար, որն ուներ 5000 քկմ տարածք։ Ավելի ուշ՝ 1910 թ., առաջին հիմնային վերանորոգումը կատարվեց, որի ընթացքում էլ կառուցվեց զանգակատունը։
Եկեղեցու հարևանությամբ գտնվում էր հայկական դպրոցը, որը կառուցվել է 1866 թ. հայտնի ճատարապետ Թորոս Թորամանյանի նախագծով։ Այժմ այդ վայրում գտնվում է հայկական կիրակնօրյա դպրոց։

2002 թ. եկեղեցու ղեկավարության մտահղացմամբ, բիզնեսմենների ֆինանսական օգնությամբ եկեղեցին կրկին վերանորոգվեց կարճ ժամանակահատվածում։ Չնայած այն բանին, որ եկեղեցին օծվեց հունվարին, տոնակատարությունը տեղափոխվեց հունիս, որպեսզի հայոց կաթողիկոսը ևս ներկա լիներ։
Այսօր Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցին համարվում է Բուլղարիայի հայկական 10 գործող եկեղեցիներից մեկը։

Վառնա հայերը գնացել են 1000 տարի առաջ Ղրիմից, Բեսարաբիայից, Լեհաստանից։ Այնտեղ ապրող հայերի ազգային ինքնությունը պահպանվել է շնորհիվ ավանդույթներին հետևելու, մեծ հավատքի ու հայկական եկեղեցու գոյության։ Այսօր էլ Սբ. Սարգիս եկեղեցու դերը մեծ է Վառնայի հայերի կյանքում։ Այստեղ մկրտում են երեխաներին, պսակադրվում են, հրաժեշտ են տալիս հանգուցյալներին։ Ամեն կիրակի եկեղեցում պատարագ են մատուցում։



