Operativ.am-ը գրում է.

Բաքվի դատարանը հունիսի 14-ին որոշել է կալանքի տակ վերցնել լրագրող Փոլադ Ասլանովին։ Ասլանովն ինքը չի ընդունում պետական դավաճանության մեղադրանքը։ Փաստաբան Սադիգովը հաստատել է տեղեկությունը, որ Ասլանովը մեղքը չի ընդունում։

Քննությունը պնդում է, որ Ասլանովը հաճախ հանդիպումներ է ունեցել հեռավոր արտասահմանում (քննության կողմը չի նշում, թե որ արտասահմանյան երկրներում) օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Իրականում նա երկու անգամ մեկնել է Իրան եւ մեկ անգամ՝ Վրաստան։ Այս այցելությունները պատրաստ են հաստատել ուխտագնացների խմբերի ղեկավարները։

2018 թվականի ապրիլից մինչեւ 2019 թվականի ապրիլ Ասլանովը ծառայել է բանակում եւ արտասահման մեկնել չէր կարող, իսկ բանակից վերադառնալուց հետո նա չի լքել Ադրբեջանի սահմանները։

Մեդիա-իրավունքի ինստիտուտի իրավաբան Հալիդ Աղալիեւը ներկայացրել է ինտերնետ-ռեսուրսների բովանդակությունը, որոնց գլխավոր խմբագիրն է Փոլադ Ասլանովը։ «Դրանք լրատվական ռեսուրսներ են, որոնք քննադատում են իշխանություններին, բայց քննադատությունը վերաբերում է առանձին պաշտոնյաների։ Կան նաեւ իրավապաշտպան բնույթի նյութեր՝ տեղեկատվություն բանտերում կտտանքների մասին, այդ թվում դատապարտյալ հավատացյալների (կտտանքներ)»,- ասել է իրավաբանը։ Լրագրողի կալանումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանում քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդումներն իրենց բնույթով դարձել են զանգվածային եւ դաժան անգամ խորհրդային շրջանի համեմատ։ Թեեւ անհրաժեշտ է նշել, որ այլախոհության եւ քաղաքական ընդդիմության ճնշումն այդ հանրապետությունում վաղեմի ավանդույթ է։ Քաղաքական հետապնդումների (մանավանդ քրեաիրավական ոլորտում) լայն տարածման պատճառներից մեկը նախագահ Հեյդար Ալիեւի ռեժիմն էր։ Նրա իշխանության գալուց հետո մոտ երկու տարում հեռացվեցին Հ.Ալիեւի շատ պոտենցիալ ընդդիմախոսներ, իրականացան տասնյակ դատավարություններ, հարյուրավոր մարդիկ քաղաքական դրդապատճառներով դատապարտվեցին։ Միայն պաշտոնական տվյալներով 1995-1997 թվականներին դատապարտվել է 683 մարդ։ Դատավճիռները 10 տարուց պակաս ազատազրկում չէին նախատեսում՝ գույքի առգրավմամբ, ինչը պետության վրեժն էր ոչ միայն այդ մարդկանց, այլ նաեւ նրանց ընտանիքների հանդեպ։

Եվ այսօր բանտերում ու կալանավայրերում են գտնվում մեծ թվով դատապարտյալներ՝ քաղաքական դրդապատճառներով։ ԱՀ-ում իրականացված բոլոր համաներումները կատարվում են ըստ այն հոդվածների, որոնցով դատապարտվել են այսպես կոչված «ժողովրդի թշնամիները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել