Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։

Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է ,և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ է կարող դառնալ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ՝ ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ հաստատ պետության շահերից չի բխում։ Կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը․ հաստատ պետության շահերից չի բխում։ Կամ ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական ու ապագաղափարական զանգվածով․ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում դա ո՞ւմ շահերից է դա բխում։ Ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից, և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով դա ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակահատվածում դա հնարավոր է։

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չէ, և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ժողովուրդը զանգված է, նման ձևակերպումը էլիտայի գործն է։ Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում՝ դեռևս պարզ չէ։

Պատկերացրեք մի ավտոբուս՝ լցված լիքը ժողովրդով, որը չգիտի, թե ուր է ցանկանում գնալ, իսկ վարորդը գիտի։ Ի՞նչ պետք է անի վարորդը։ Ճիշտ եք, մեքենան վարի իր ուզած տեղը։

Այս առումով Նիկոլը մեղավոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել