Pastinfo.am-ը գրում է.

«Վերաքննիչ դատարանը կարող էր ոչ թե դիմել Սահմանադրական դատարան, այլ ինքը գտներ, որ այստեղ ուղղակի կարելի է կիրառել Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, եւ պարտավորեցներ Սասուն Խաչատրյանին հերքել իր տարածած տեղեկությունները եւ ներողություն խնդրել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին դատարանի որոշմանը. «Դատարանը եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն չկիրառեց, այսինքն՝ նա կարող էր ուղղակի կիրառել, բայց ուղղակի չկիրառեց, եւ իր նախաձեռնությամբ որոշեց դիմել ՍԴ՝ օրենսդրական բացի հետ կապված դիրքորոշում ստանալու համար»։

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը. «Պարոն Խաչատրյանը կիրառում է նախ այնպիսի արտահայտություններ, որոնք կոպտորեն խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ինքը հաստատված ձևով է ասում, որ պարոն Քոչարյանը կատարել է այս կամ այն: Սա շատ վտանգավոր բան է` մեկ, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, երկու՝ որովհետև լսարանի մի զգալի մաս համարում է դա որպես արդեն վերջնականապես հաստատաված»,-անդրադառնալով ՀՔԾ պետի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին՝ դեռ նախորդ տարի այս մասին հայտարարել էր Հայկ Ալումյանը։

Վերջինիս խոսքով՝ դատարանը դիմել է ՍԴ, որովհետեւ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, որ ՀՔԾ պետին կարելի է պարտավորեցնել ներողություն խնդրել եւ հերքել իր տարածած տեղեկությունները, բայց ըստ նրա՝ այդ դեպքում պետք է կիրառվի եվրոպական կոնվենցիան. «Միջազգային պայմանագրերը հենց դրա համար են. եթե դրանցով նախատեսված ամեն ինչ մեր օրենսդրությամբ սահմանված լիներ, դրանց միանալու կարիք գուցե էլ չառաջանար, հիմա միջազգային պայմանագրի ենք միացել, ստանձնել ենք օրենսդրական պարտավորություն, որ եթե մեր օրենքը չի նախատեսում, հետեւենք միջազգայինին, իսկ դրանով նախատեսված է, որ անձի՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման դեպքում իրեն տրամադրվի արդյունավետ պաշտպանության հնարավորություն»։

Ալումյանը պնդեց, որ ՀՔԾ պետը մի շարք արտահայտություններ է արել, որոնք ակնհայտորեն խախտում են անձի անմեղության կանխավարկածը, եւ ըստ նրա՝ այդ հանգամանքը անվիճելի է. առաջին ատյանի դատարանն էլ գտել էր այդ խախտումը եւ որոշում էր կայացրել իրենց բողոքն այդ մասով բավարարել. «Խնդիրն այն էր՝ դա պետք է բողոքարկվի քրեական դատավարությա՞ն ընթացակարգով, քաղաքացիականո՞վ թե՞ վարչաիրավականով, եւ արդյո՞ք քրեական դատավարական ընթացակարգով բողոքարկելու դեպքում դատարանն իրավունք ունի նրան պարտավորեցնել հերքել եւ ներողություն խնդրել, թե՞ դա նախատեսված չէ»։

Ալումյանի գնահատմամբ՝ դատարանի այս քայլը ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. «Բայց ավելի լավ կլիներ, եթե դատարանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ, իսկ դրա օրինական հիմքերն ինքն ուներ»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ պատասխանող կողմն այս որոշումը կբողոքարկի, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Աշխարհում մի տարբերակ չկա՝ սկսած ամենաաներեւակայելի տարբերակներից, որ ես հնարավոր չեմ համարում այս գործում»։

Պաշտպանը չբացառեց նաեւ, որ գուցե իրենք էլ բողոքարկեն այս որոշումը. «Դեռ չենք կողմնորոշվել, բայց չի բացառվում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ երեկ կայացված որոշմանը, որով բեկանվել էր թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման, թե գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումները, Հայկ Ալումյանի կարծիքով՝ Վերաքննիչի որոշումը չի կարող ՍԴ-ին որեւէ կերպ պարտավորեցնել. «ՍԴ-ն դիմում ունի, պիտի դրան ընթացք տա, Վերաքննիչի որոշումը կարող է միայն Առաջին ատյանի դատարանի գործողության մեջ որոշակի փոփոխություն մտցնել, բայց նրա որոշումը ՍԴ-ին որեւԷ կերպ չի կարող պարտավորեցնել, կաշկանդել կամ ուղղորդել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել