Այսօր մեր իրականության մեջ գործող քաղաքական ցանկացած գործիչ, որն ազնվորեն ցանկանում է ստեղծել կայուն և օրինական պետություն, դատապարտված է պայքարելու ոչ միայն իր բացահայտ հակառակորդների դեմ, որոնք ակնառու լինելով հանդերձ այդքան վտանգավոր չեն, որքան իր շրջապատի, իշխանության հոտն առած և առաջնորդի շուրջը ժամանակավորապես լուռ հնազանդությամբ համախմբված գայլերի ու բորենիների դեմ։

Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի։ Այդ խնդիրը առավել սրությամբ մեր ազգային յուրահատկությունների պատճառով միշտ ծառացել է մեր նախագահների, վարչապետների, զինվորական գործիչների, կուսակցական գործիչների առջև։ Այն առավել վառ դրսևորվեց վերջին իրադարձությունների ժամանակ, երբ, իշխանության հոտն առնելով, մարդիկ, իրարից առաջ ընկնելով, ձգտում էին հարթակին, որը նրանց համար մարմնավորում էր իշխանությունը։ Եվ քանի որ գայլերն ամեն ինչ անում են անհատականության, վեհության ոչնչացման համար, որպեսզի ոչ ոք չխանգարի նրանց քաղցը հագեցնելու անհագ գործընթացը, դա ինքնըստինքյան հանգեցնում է լրտեսական ամեն տեղ հասնող խոշոր ցանցի, և որոշ առումով՝ դիկտատուրայի ստեղծման անհրաժեշտությանը՝ միաժամանակ հնարավորություն տալով գայլերին ոտքից գլուխ խրվելու անօրինական գործարքների մեջ՝ այդպիսով դառնալով խոցելի արդարադատության սահմաններում:

Այո՛, չափազանց ծանր խաչ է վարչապետ կամ նախագահ լինել մի երկրում, որտեղ իշխանամոլությունը դարձել է ապրելակերպ, ինքնահաստատման և հաջողության միակ միջոցը ցանկացած բնագավառում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ միջակություններն են պաշտոններ ստանում և տնօրինում պետության և ժողովրդի ճակատագիրը: Սակայն եթե պետությունը, հեռատես ու գործիմաց ղեկավար ունի (որը, մեղմ ասած, մենք չունենք), որոշակի լծակներ ունի վերահսկելու իր յուրայինների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում «հեռացնելու» նրանց (կան բազմաթիվ օրինակներ, որ չի արվել): Ուրեմն՝ որքան կարևորվում է անհատի` ղեկավարի կամքը, որն ի վիճակի է լսելու բոլորին, և միաժամանակ շրջանցելով բոլորի արտահայտած «անիրական» կարծիքները՝ գործել ըստ այն սկզբունքի, որը բխում է ազգի կամ պետության շահերից։ Ավելի անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, երբ խոսում ենք այս կամ այն գործչի մասին։ Եվ երբ որևէ մեկի կողմից թեկուզև սուր քննադատություն է հնչում Նիկոլի հասցեին (առանց վիրավորանքների և հայհոյանքների, իհարկե), ցանկալի չէ սրտնեղել ու փորձել հակադրվել, պաշտպանել և այդպիսով` լռեցնել հանդուգն, իսկ որոշ իմաստով՝ նաև խիզախ ընդդիմախոսին։ Պարզապես փորձեք լինել անաչառ։ Եվ դուք էլ հանկարծ կգիտակցեք, որ շատ կարծիքներ, որոնց դուք փորձում էիք հակադրվել, իրականում ճշմարտություն են, քանզի ցանկացած խոսք իր մեջ ճշմարտության որոշակի մասնիկ է պարունակում:

Հ.Գ. Մեր ժողովրդի նիկոլապաշտ հատվածին ուզում եմ ասել, որ ես Նիկոլին քննադատելով նրան չեմ վիրավորում, այլ իմ տեսակետներն եմ շարադրում, հուսով եմ՝ Նիկոլն էլ իմ պես ընդունում է, որ չի կարելի այլ տեսակետ ունենալու համար վիրավորել դիմացինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել