Քաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի վրա, կանգնած էր Երջանիկ արքայազնի արձանը՝ ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով, աչքերի տեղ՝ փայլուն շափյուղաներ, սուսերի երախակալին՝ շողշողուն կարմիր սուտակ:
 Մի գիշեր քաղաքի վրայով թռչում էր ծիծեռնակը: Նրա ընկերները վեց շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս, իսկ ծիծեռնակը հետ էր մնացել, որովհետև սիրահարվել էր մի շատ գեղեցիկ եղեգնի: Ընկերներին հասնելու համար նա թռավ ամբողջ օրը և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Թառեց երջանիկ արքայազնի ոտքերի մոտ ու կամեցավ քուն մտնել: Հենց այն է՝ գլուխը թևի տակ պետք է դներ, ջրի մի քանի կաթիլ ընկավ վրան: Ապա երկրորդը, երրորդը:

«Այ քեզ բա՜ն ,-մտածեց ծիծեռնակը,-երկնքում ամպի կտոր չկա, աստղերն էլ պարզ են ու պայծառ, բայց արի ու տես, որ անձրևում է»: Թռչնակը վեր նայեց. Երջանիկ արքայազնի աչքերը լի էին արցունքով, և կաթիլները գլորվում էին ոսկյա այտերն ի վար:
-Ինչո՞ւ ես լալիս, արքայազն,-ասաց նա,-տես, ոտքից գլուխ թրջեցիր ինձ:
-Երբ ես ողջ էի և մարդկային սիրտ ունեի,-պատասխանեց արքայազնը,-չգիտեի` ինչ բան է արտասուքը, քանի որ ապրում էի պալատում, ուր վշտի մուտքն արգելված էր: Չգիտեի՝ ինչ կա պալատի պատերից դուրս: Իսկ այժմ, երբ մեռած եմ, ինձ կանգնեցրել են այստեղ, որտեղից պարզ երևում է մարդկանց թշվառությունը: Ու թեև կապարե սիրտ ունեմ, դարձյալ անկարող եմ զսպել արցունքներս: Այս պահին, օրինակ, այնտեղ՝ հեռվում, մի աղքատիկ տնակ եմ տեսնում: Բաց պատուհանից երևում է սեղանի մոտ նստած մի կին... Նա ծաղիկներ է ասեղնագործում թագուհու զգեստի վրա: Սենյակի անկյունում պառկած է այդ կնոջ հհիվանդ տղան: Նա ջերմություն ունի, և սիրտը նարինջ է ուզում: Բայց մայրը ջրից բացի ոչինչ չունի, և տղան լաց է լինում: Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, սուսերիս երախակալի սուտակը չե՞ս տանի նրանց: Իմ ոտքերը գամված են պատվանդանին, և ես տեղիցս շարժվել չեմ կարող:
-Ի՜նչ ես ասում, ինձ սպասում են Եգիպտոսում, և ես շտապում եմ,-ասաց ծիծեռնակը:
-Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, գեթ այս գիշեր մնա ինձ հետ, աղաչում եմ, մնա ու դարձիր իմ սուրհանդակը: Տղան այնքան ծարա՜վ է, ու մայրն այնքա՜ն տխուր:
-Թեև սաստիկ ցուրտ է, բայց քեզ չեմ մերժի, մի գիշեր կմնամ ու կլինեմ քո սուրհանդակը,-հառաչեց բարեսիրտ թռչնակը:
Նա հանեց արքայազնի սուսերի խոշոր սուտակն ու կտուցն առած ճախրեց, հասավ աղքատիկ տանը: Ներս թռավ, սուտակը դրեց կնոջ մատնոցի կողքին ու հետ եկավ Երջանիկ արքայազնի մոտ, ամեն ինչ պատմեց ու ավելացրեց.
-Շատ տարօրինակ է, որ այս ցրտին չեմ մրսում:
-Պատճառն այն է,-հրճվանքով ասաց արքայազնը,-որ բարի գործ ես կատարել:
Հաջորդ գիշեր լիալուսին էր, և ծիծեռնակը պատրաստվում էր թռչել Եգիպտոս, արքայազն ասաց.
-Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, խնդրում եմ, այս գիշեր էլ մնա ինձ հետ: Քաղաքի ծայրին՝ ձեղնահարկում, մի երիտասարդ եմ տեսնում: Նա, նստած սեղանի մոտ, ուզում է աշխատել, բայց չի կարողանում, որովհետև ցրտից սառել է, քաղցն էլ մյուս կողմից է տանջում: Կտուցով հանիր աչքերիս շափյուղաներից մեկն ու տար այդ տղային:
-Ձմեռը եկավ արդեն,-պատասխանեց ծիծեռնակը,-և ուր որ է պաղ ձյուն կգա: Այնինչ Եգիպտոսում արևը տաքացնում է կանաչ արմավենիներին... Ընկերներս բույն են հյուսել հիմա և ուրախ թռչկոտում են: Սիրելի արքայազն, ես այլևս անկարող եմ մնալ ցուրտ քաղաքում:
Բայց տեսնելով Երջանիկ արքայազնի՝ արցունքով լեցուն աչքերը՝ բարի ծիծեռնակը չդիմացավ և այս անգամ էլ կատարեց նրա խնդրանքը:
Երրորդ գիշերը եկավ հրաժեշտ տալու և վերջապես ուղղություն վերցնելու դեպի տաք Եգիպտոս: Բայց արքայազնը դարձյալ խնդրեց մնալ և իր մյուս աչքի շափյուղան հասցնել դժբախտության մեջ ընկած մի աղջկա:
-Այժմ դու կույր ես,-ասաց ծիծեռնակը,-ինչպե՞ս կարող եմ այսուհետև քեզ մենակ թողնել: Այլևս ոչ մի Եգիպտոս էլ չեմ թռչի և ընդմիշտ կմնամ քեզ հետ:
Եվ մնաց: Արքայազնը խնդրեց ծիծեռնակին թռչել քաղաքի վրայով և գալ, տեսածի մասին պատմել իրեն: Եվ երբ իմացավ, որ նա տեսել է սովահար երեխաների, անօթևան որբուկների, մուրացիկների, ասաց.
-Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, ես պատված եմ բարձրորակ ոսկով: Թերթ առ թերթ պոկիր դրանք ու տուր աղքատներին, կարոտյալներին, տնանկներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերթ պոկեց ոսկին, մինչև երջանիկ արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ: Բարի թռչնակը ոսկին հասցրեց բոլոր նրանց, ովքեր քաղցած էին ու սառած:
Մի օր էլ առատ ձյուն տեղաց՝ իր հետ բերելով սառնամանիք ու բուք: Խեղճ փոքրիկ ծիծեռնակը այլևս անկարող էր դիմանալ ցրտին, բայց նա ի զորու չէր լքել արքայազնին, քանի որ շատ էր սիրում նրան: Զգաց, որ մեռնում է: Թառեց արքայազնի դեմքին, համբուրեց սև ակնախոռոչները և անշնչացած ընկավ նրա ոտքերի մոտ: Այդ պահին արձանի ներսից արտասովոր ճարճատյուն լսվեց, կարծես ինչ-որ բան պայթեց: Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ:
Իսկապես աշխարհը ցուրտ էր...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել