1978 թվականի հոկտեմբերն էր: Աշնանային գունագեղ օրն ավարտվում էր գեղեցիկ մայրամուտով:
Յոթերորդ դասարանցի Արմենի մայրը պատուհանից անընդհատ շենքի բակ էր նայում՝ սպասելով որդուն: Արմենը դպրոցից դեռ տուն չէր եկել: Մայրը սկզբում մտածում էր, թե Արմենը դասընկերների հետ խաղով է ընկել, ուշանում է, բայց մթնշաղի հետ մոր սիրտն անհանգստությունից սկսեց ճմլվել:
Մայրը դուրս եկավ բակ, տեսավ Արմենի խաղընկերներին, հարցրեց՝ Արմենին չե՞ն տեսել: Տղաները դասերից հետո Արմենին չէին տեսել, թե որտեղ էր, չգիտեին:
Տեսնելով ընկերոջ մոր անհանգստությունը՝ տղաները պատրաստակամություն հայտնեցին դպրոցի բակում ու մոտակայքում փնտրել Արմենին: Իսկ մայրը սկսեց մեկ առ մեկ զանգել Արմենի դասընկերներին ու հարցնել՝ Արմենը ձեր տանը չէ՞:
Ո՛չ երեխաները, ո՛չ մայրը Արմենին չգտան: Բոլոր դասընկերներն իրենց տներում էին, այսինքն՝ բացառվում էր, որ Արմենը որևէ մեկի հետ նրա տուն է գնացել ու խաղով է ընկել: Մայրը զանգեց այն բարեկամներին, որոնց տուն կարող էր գնալ Արմենը: Բայց Արմենը ոչ մի տեղ չկար:
Աշխատանքից տուն եկավ Արմենի հայրը, իմացավ, որ որդին դասերից հետո դեռ տուն չի եկել, սկզբում բարկացավ կնոջ վրա, թե՝ տղային երես ես տվել: Հետո հայրը մի քանի տղաների հետ սկսեց որդուն փնտրել Նորքի առաջին, երկրորդ զանգվածներում, բակ առ բակ: Արմենը չկար ու չկար:
Այդ գիշեր Արմենի ծնողները չքնեցին: Նրանց բնակարանում բարեկամների, հարևանների մեծ խումբ էր հավաքվել:
Առավոտյան Արմենի ծնողները Խորհրդային ՆԳ բաժնում հայտարարություն տվեցին:
13-ամյա պատանուն հայտնաբերել չհաջողվեց: Տարբեր վարկածներ էին ստուգում իրավապահները, բայց որևէ հետքի վրա չէին ընկնում: Մի քանի անգամ հարցաքննվեցին Արմենի ծնողները, դասընկերները, խաղընկերները, ուսուցիչները, հարևանները: Միգուցե տղան ընդհարվել էր ծնողների հետ ու հեռացել էր տանից, միգուցե ուսուցիչներից մեկն էր նեղացրել տղային, միգուցե վրաերթի զոհ էր դարձել կամ առևանգվել էր…
Հուսահատ ծնողներն ամեն օր հանդիպում էին իրավապահներին, խնդրում, պահանջում էին գտնել Արմենին…
Իրավապահները նորից ու նորից էին վերլուծում տղայի անհետանալու օրվա մասին իրենց հավաքած տեղեկությունները:
Մի աննշան թվացող տեղեկություն կար․ այդ օրը դասամիջոցին Արմենը վիճել էր դասընկեր Վազգենի հետ: Սովորական տղայական վեճ էր եղել, աքլորակռիվ, որը արագ մարել էր դասի զանգը հնչելուն պես:
Այս տեղեկության հետ կապված՝ Վազգենը մյուս դասընկերներից ավելի շատ էր հարցաքննվել, ամեն անգամ կրկնել էր նույնը՝ Արմենի հետ վիճել էր իրեն հրելու համար: «Դասերից հետո ես ուղիղ տուն եմ գնացել»,- ամեն անգամ կրկնում էր Վազգենը: Մայրը հաստատել էր՝ որդին տուն է եկել դասերն ավարտվելուց հետո:
Իրավապահները մի քանի օր հանգիստ էին թողնում Վազգենին, բայց հետո նորից անդրադառնում էին նրա ու Արմենի վիճաբանությանը:
Հերթական հարցաքննության ժամանակ, երբ Վազգենը նույն պատմությունն էր պատմում իր ու Արմենի վիճաբանության և իր՝ դասերից հետո տուն գնալու մասին, սենյակի դուռը հանկարծ բացվեց, ու անսպասելի ներս մտավ սպիտակ խալաթով «բժշկուհին». նա իրականում միլիցիայի աշխատակցուհի էր:
«Բժշկուհին» ուրախ-ուրախ ասաց. «Աչքներս լույս, Արմենը փրկվեց, մի քանի օրից կարող է դպրոց գնալ»:
Վազգենը տեղից վեր թռավ ու գոչեց. «Ուրեմն չի՞ մահացել»: Հետո Վազգենը սկսեց լաց լինել․ երկար ժամանակ զսպել էր իրեն, աշխատել էր անընդհատ նույն պատմությունը պատմել, անընդհատ լարված էր եղել…
Նրան հանգստացրին, ջուր տվեցին: Վազգենն աշխատում էր արագ-արագ ասել այն, ինչ թաքցրել էր օրեր շարունակ. «Ես չէի ուզում, որ Արմենը մեռնի…»:
Վազգենը պատմեց, որ դասամիջոցի վիճաբանությունը որոշել էին շարունակել: Երկուսով իջել էին Նորքի առաջին զանգվածում գտնվող տաքսիների կայանատեղիին հարակից ձորը՝ աչքից հեռու մի տեղ: Վեճը թեժացել էր, տղաներն իրար չէին զիջել: Վազգենը ձեռքն էր առել առաջին իսկ քարն ու հարվածել էր Արմենի գլխին: Արմենն ընկել ու անշարժացել էր…
Վազգենը փորձել էր ուշքի բերել ընկերոջը, բայց Արմենը ուշքի չէր եկել: Վազգենը վախից քարերով ծածկել էր դասընկերոջն ու գնացել էր տուն…
Իրավապահները դեռ պիտի պարզեին, թե իրականում որտեղ է Արմենին քարածածկ արել Վազգենը: Ասեցին՝ տեսնո՞ւմ ես, Արմենն արդեն փրկվել է, վաղը կգնանք հիվանդանոց՝ նրան այցելելու, բայց այսօր դեռ պիտի ցույց տաս այն տեղը, որտեղ կռվել եք ու որտեղ քարերով ծածկել ես նրան․ դա հարկավոր է, որ բոլոր փաստաթղթերը մենք ճիշտ ձևակերպենք:
Վազգենը պատրաստակամություն էր հայտնել և իրավապահներին առաջնորդել էր դեպի ձորը:
Այնտեղ նա անակնկալի էր եկել․ քարերի կույտն անխախտ էր թվում: 13-ամյա պատանին մոլորված կանգ էր առել: Նրան հեռացրել էին դեպքի վայրից ու սկսել էին հեռացնել քարերը:
Արմենի մարմինը քարերի տակ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ մահը վրա էր հասել գանգուղեղային ծանր վնասվածքի արդյունքում…