Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, վատահամբավ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Երվանդ Սերոբյանը շարունակում է իր հակաօրինական գործունեությունը, և ինչպես նախկին ռեկտորի օրոք, որի «դպրոցի» շրջանավարտներից է պարոն Սերոբյանը, այնպես էլ հիմա նրա կողմից կայացված որոշումների մեծ մասն անտրամաբանական է և հակաօրինական:

Անձնական վրեժխնդրությունից դրդված՝ այսօր սույն կերպարը, անգրագետորեն թաքնվելով օրենքների հետևում, նկատողություն է տվել Պատմության և փիլիսոփայության վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել ռեկտորի ապօրինի և անտրամաբանական որոշումներից մեկը՝ չի տրամադրել ամբիոնի գործավարի աշխատանքի նկարագիրը և գործառույթները... Հետաքրքիր է, ռեկտորի ԺՊ-ն տեղյա՞կ է, որ, ըստ բուհի ամբիոնի, ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունների և այլ փաստաթղթերի՝ ամբիոնի վարիչները գիտամանակավարժական գործունեություն են ծավալում և բացարձակ պարտավոր չեն իրավաբանական գործունեություն ծավալել և, իրավաբանի գործառույթները վերցնելով իրենց վրա, այդպիսի փաստաթուղթ ներկայացնել: Նորմալ բուհերում, որտեղ կազմվել են պաշտոնների անձնագրեր, իսկ ռեկտորի ԺՊ-ի պահանջածը հենց դա է, ամբիոնի գործավարի և լաբորանտի աշխատանքի նկարագիրը և գործառույթները կազմվում են բուհի իրավաբանների կողմից, ուղարկվում են ամբիոններ՝ առաջարկությունների և դիտողությունների համար, իսկ հետո նոր հաստատվում են: Սակայն պարոն Սերոբյանը և նրա տարրական անգրագետ բարեկամը՝ բուհի իրավաբանը, որոշել են իրենց գործառույթները դնել համալսարանի այլ ստորաբաժանումների վրա, ավելին` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների կանոնակարգի 5.2.4. կետի համաձայն. «Մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից պետք է պահանջել գրավոր բացատրություն: Բացատրության բացակայությունը պետք է հաստատվի աշխատողի կողմից այն ներկայացնելու հրաժարման համապատասխան ակտով»: Այս կետը կոպտորեն խախտվել է Երվանդ Սերոբյանի կողմից:

Այս ամենի պատճառը մեկն է՝ անպատժելիությունը: Սույն կերպարը և նրա թիմը մեծ ուրախությամբ ժամանակին լծվել էին ինձ և Հ.Խորիկյանին պատժելու գործին` երևակայելով, որ դատավոր են: Ժամանակն է եկել այս անձին իր տեղը ցույց տալու և նրա դեմ պաշտոնեական դիրքի չարաշահման համար քրեական գործ հարուցելու, քանի որ, որքան կռահում եմ, նա հանգիստ չի նստելու և օգտագործելով ռեկտորի պաշտոնը, որը ժամանակավորապես է զբաղեցնում, ինչպես նաև սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ կապը՝ անձնական վրեժխնդրությամբ տոգորված՝ անօրինական որոշումներ է ընդունում:

Ի դեպ, լավ կլինի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը քրեական գործ հարուցի Երվանդ Սերոբյանի դեմ՝ բուհի ուսխորհրդին տրված գումարների փաստաթղթերը ստորագրելու և դրանց ապացույցների բացակայության համար, քանի որ այդ գումարների հատկացումը հիմնավորված չէ: Խայտառակություն է նաև պարոն Սերոբյանի բարեկամ իրավաբանը, որի «փայլուն» իրավաբանական գիտելիքներին ծանոթացանք 2018 թ.-ի սեպտեմբերի 1-ին համալսարանում տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, երբ վերջինս պրիմիտիվ հարցերի չէր կարողանում պատասխանել: Էլ չասեմ, թե ոստիկան-իրավաբանն ինչպես էր մի քանի օրվա մեջ փոխում իր կողմից ընդունված անգրագետ որոշումները:

Հ.Գ. ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը միտումնավոր սրում է իրավիճակը բուհում՝ ջանքեր գործադրելով այն լուծարելու համար: Շատ կասկածում եմ, որ պարոն Սերոբյանն այդքան ռիսկ ունենա իր շրջապատի ներկայացուցիչներին նկատողություն տալու համար, որոնք զբաղվում են բեսպրեդելով, բուհի հավատարմագրումը ձախողելով և գիտխորհրդին տարրական խաբելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել