Քարտեզները, ինչպես նաև դրանց մեկնաբանություններն ու ուսումնասիրությունները կարևոր պատմական վկայություններ են։ Դրանք օգնում են հասկանալ հին և ժամանակակից աշխարհների քաղաքական զարգացումը, արտացոլում են տարբեր պետությունների միջև հարաբերությունները պատմության տարբեր ժամանակահատվածներում։

Հայաստանը պատմական մեծ նշանակություն ունեցող գրեթե բոլոր քարտեզների մեջ կա. ահա թե որոնք են դրանցից ամենաակնառուները։

Քարտեզ 1. Միջնադարյան Հայաստանի այս քարտեզը վերցված է 1736 թ. Լոնդոնում տպագրված լատիներեն և հայերեն գրքից, որում ներառված են «Հայաստանի պատմությունն» ու Խորենացու «Աշխարհագրությունը»։ Որոշ ուսումնասիրողներ այսօր «Աշխարհագրության» հեղինակ են համարում Անանիա Շիրակացուն։ Գիրքը հրատարակել են եղբայրներ Ուիլյամ և Ջորջ Ուիսթոնները։

Քարտեզը կազմված է «Աշխարհացույցի» վկայությունների հիման վրա։ Դրանում ներկայացված են Մեծ Հայքի 15 նահանգները՝ առանձնացված գծերով, իսկ պետության արտաքին սահմանները նշված են փոքրիկ գծիկներով։ Փոքր Հայքը ներկայացված է Մեծ Հայքի արևմտյան կողմում՝ Անատոլիայի արևելյան սահմանին։ Քարտեզի վրա նշված են հետևյալ քաղաքները՝ Էրիվանում, Վալարշապատա, Արզերում, Վաննում, Բիթլիս, Արշամաշատ և Նախուանում։ Արարատը նշված է որպես Մասիս, և օգտագործված է Արաքս գետի հայկական անվանումը՝ Երասխ։

Քարտեզի չափսերն են՝ 185 մմ x 225 մմ։ Գտնվում է Լոնդոնում, մասնավոր հավաքածուում։

Քարտեզ 2. Օսմանյան կայսրության այս քարտեզը վերցված է Յոհան Բատիստ Հոմանի «Նոր ատլասից» (1663-1724)։ Սա քարտեզի 13-րդ էջն է, որը տպագրվել է 1748 թ. Սանկտ Պետերբուրգում։ Քարտեզագիրներն են եղել Հիյ Դելիլը և Յոհան Մատիաս Հազեն։ Չնայած այն բանին, որ ատլասը հրատարակվել է 1748 թ., դրանում ներառված Թուրքիայի այս քարտեզը թվագրվում է 1737 թվականին։ Այս քարտեզը Դելիլի ատլասի քարտեզից մի քանի առանձնահատկությամբ տարբերվում է։ Հայաստանի մի մասը ցույց է տրված Օսմանյան կայսրության սահմաններում, իսկ արևելյան հատվածը, այդ թվում՝ Ղարաբաղն ու Երևանը, Պարսկաստանի իշխանության տակ է ներկայացված։

Քարտեզի չափսերն են՝ 58 սմ x 49 սմ։ Գտնվում է Լոնդոնի բրիտանական գրադարանում։

Քարտեզ 3. Ֆրանսիացի քարտեզագիր Ռոբերտ Վուգոնդին իր «Գրպանի փոքր ատլասը» հրատարակել է 1762 թ.։ Այս լուսանկարի քարտեզն այդ ատլասից է։ Այն կոչվում է «Միջնադարյան աշխարհի քարտեզ» և ներառում է Միջին Արևելքն ու Հարավային Կովկասը։ Քարտեզում հարավից Հայաստանը սահմանակցում է Ասորեստանին և Միջագետքին, իսկ հյուսիսից՝ Վրաստանին։ Երկրային դրախտը՝ Եդեմը, գտնվում է Հայաստանի կենտրոնում։ Հյուսիս-արևմուտքում Վան և Ուրմիա լճերը ցուցադրված են գրեթե կողք-կողքի, ինչը չի համապատասխանում իրականությանը, սակայն այն ժամանակ ընդունված էր ֆրանսիական քարտեզագրության մեջ։

Քարտեզի չափսերն են՝ 25 սմ x 24 սմ։ Գտնվում է Լոնդոնում, մասնավոր հավաքածուում։

Քարտեզ 4. «Հայաստանի աշխարհացույցը՝ համաձայն հին և նոր աշխարհագրագետների» քարտեզը, որը պատրաստել է Իգնատի Խաչատրյանը, հրատարակվել է Վենետիկում 1751թ.։

Քարտեզը ցույց է տալիս պատմական Հայաստանի տարածքը՝ համաձայն հին և նոր աշխարհագրագետների վկայությունների, նշելով տարբեր մարզերն ու շրջանները։ Քարտեզը հիմնված է Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» վրա։

Քարտեզի վրա աշխարհագրական հիմնական կետերն են Սևանա լիճը, Արարատ լեռը և Վանա լիճը, որը ներկայացված է որպես Ախթամար։ Արարատն անվանված է Մասիս, իսկ Սևանը՝ Գեղամա լիճ։

Քարտեզի չափսերն են՝ 45 սմ x 28 սմ։ Գտնվում է Լոնդոնի բրիտանական գրադարանում։

Քարտեզ 5. Էմանուել Բոուենի այս քարտեզը կոչվում է «Անատոլիայի կամ Փոքր Ասիայի ճշգրիտ և նոր քարտեզ», որը վերցված է նրա «Աշխարհի ընդհանուր պատմություն» ատլասից՝ հրատարակված 1766 թ. Լոնդոնում։ Այս քարտեզը Բոուենը մի քանի անգամ օգտագործել է տարբեր ատլասներում՝ հրատարակված 1744, 1752, 1770 թվականներին։

Քարտեզի վրա պատկերված են Անատոլիան ու Հայաստանը՝ սկսած պարսկական սահմանից մինչև Արևմտյան Անատոլիա։ Այստեղ նշված են նաև Հայաստանի այն քաղաքները, որոնք գտնվում էին առևտրային ճանապարհների հատվածներում։

Քարտեզի չափսերն են՝ 42 սմ x 34 սմ։ Գտնվում է Լոնդոնում, մասնավոր հավաքածուում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել