Shantnews.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Գյումրիի Ղուկասյան 12 շենքի իր բնակարանում հարևանները գտել էին տանտիրուհու՝ 71-ամյա կնոջ դին։ Իրավապահ մարմինները նրա գլխի շրջանում կտրող ծակող գործիքով հասցված ավելի քան 10 հարվածների հետքեր էին հայտնաբերել։  Կասկածյալը սպանված կնոջ որդին է՝ 50-ամյա Վանիկ Հակոբի Զաքարյանը:

Նրան ոստիկանները հայտնաբերել էին առավոտյան Գյումրիից Երևան ուղևորվելիս: SHANTNEWS.am-ը պարզել է, որ նա արդեն երկար տարիներ հաշվառված է եղել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը պատմել է, որ Վանիկ Զաքարյանն իրենց կենտրոնում հաշվառված է եղել 1994 թվականից շիզոֆրենիա՝ պարանոիդ ձև ախտորոշմամբ:

Սա շիզոֆրենիայի ամենածանր տեսակն է։ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը նշել է նաև, որ տղամարդը վերջին 14 տարվա ընթացքում 25 անգամ ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում։ Տարին 2 անգամ ու հիմնականում 2 ամսով գտնվել է բժիշկների հսկողության տակ։ Իսկ երբ կենտրոնից դուրս է գրվել, մշտապես նրա մայրն է եկել հիվանդանոց՝  դեղորայքը վերցրելու։

Նադյա Վարդանյանի խոսքով` Վանիկ Զաքարյանը հոգեկան առողջության կենտրոնում գտնվելիս մշտապես դժգոհել է նրանից, որ մայրն աղանդավոր է, ու իրենց բնակարանում անընդհատ աղանդավորներ էին հավաքվում։ Ամեն անգամ, ըստ հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, Վանիկ Զաքարյանին մայրն է կենտրոն բերել ու միշտ ագրեսիվ վիճակով։ Վերջին անգամ նա հոգեբուժարանից դուրս էր գրվել անցած տարի նոյեմբերին։ Ըստ տնօրենի` բուժումից հետո նրա վիճակն այնքան վատ չէր, որ շարունակեր գտնվել բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, Շիրակի մարզում վերջին 1 ամսվա ընթացքում սա 2-րդ դեպքն էր, երբ սպանության մեջ կասկածվող անձինք հոգեկան խնդիրներ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել