Shantnews.am-ը գրում է.

Կառավարությունը փոփոխություններով ընդունելի է համարել Հայաստանի դեսպաններին ու ներկայացուցիչներին նշանակելու կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ երկու պատգամավորների առաջարկությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը այսօր ներկայացրեց, որ փոփոխություններից հետո դեսպանների մինչև 15 տոկոսն է լինելու քաղաքական նշանակում, իսկ մյուսները լինելու են կադրային դիվանագետներ։

Իսկ կադրայինների համար ներկայացվելու է առնվազն 10 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ։ Քննարկման ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքական նշանակումները 15 տոկոսով սահմանափակելով՝ իրենք կառավարությանը հնարավորություն են տալիս մինչև 7-8 նշանակում կատարել։ Սա, սակայն, կոպիտ հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին։

«Դուք ովքե՞ր եք, որ էդ հնարավորությունը տալիս եք, կներեք, որ ասում եք՝ հնարավորություն եք տալիս։ Տպավորություն է, որ պիտի ասենք շնորհակալություն, որ կառավարությանը էդ հնարավորությունը տալիս եք»,- կատակելով ավարտեց Փաշինյանը։

Ի վերջո, քննարկումների արդյունքում Փաշինյանն ասաց, որ ինքն է կողմ եղել քաղաքական նշանակումները կրճատելուն, բայց պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական համակարգում որևէ մեկի 10 տարի աշխատելը դեռ երաշխիք չէ, որ նա կարող է դեսպան լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել