168.am-ը գրում է.

«Լուրջ առաջընթաց չեմ ակնկալում ներկա փուլում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային հանդիպումներից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` անդրադառնալով Վաշինգտոնում ժամեր անց կայանալիք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ տեղի էր ունեցել ‪Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել էին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ խրախուսելու շարունակել երկխոսությունը միմյանց միջև: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն օրն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։

«Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է, Հայաստանը, ԶՈՒ պատրաստականության մակարդակը բարձրացնելով, պետք է դիմակայի։ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել»,- ասել էր նա՝ հավելելով, որ հայկական դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել։

Նշենք նաև, որ վերջին շաբաթների ընթացքում կտրուկ լարվել էր իրավիճակը շփման գծում, հակամարտող կողմերում գրանցվել էին զոհեր, օհգտագործվել էր ավելի ծանր սպառազինություն, կիրառվել էր ավելի սուր հռետորաբանություն։

Նեյլ Մաքֆարլեյնն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախարարական հանդիպումը, վերջին մի մեծ ժամանակաշրջանի ընթացքում, առաջին անգամ տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ավելի լարված մթնոլորտում, ինչը բանակցային գործընթացի հաջող և կառուցողական շարունակականությունը դնում է կասկածի տակ։

Ըստ նրա՝ կողմերը սկսեցին առնչվել հակամարտության բուն էությանը, որը վերջին ամիսներին որոշակի ազդակների ներքո թաքնված էր։

«Վերջին շաբաթների ընթացքում կողմերը հասկացան, որ պատրանքներ չեն կարող լինել հակառակորդ կողմի քայլերի վերաբերյալ։ Ըստ դրա՝ փոխվել է հռետորաբանությունը, փոխվել է մարտավարությունը շփման գծում։ Բնականաբար, այս իրավիճակում, երբ ունենում են զոհեր, դժվար է ասել, թե կողմերն ինչ հաջողություններ կարող են արձանագրել հումանիտար նախագծերի իրականացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ այս հանդիպման անցկացման ժամանակաշրջանը թելադրում է մի փոքր այլ օրակարգ՝ պետք է կարևորվեն խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, հրադադարի ամրապնդման մեխանիզմները։

Իմ համոզմամբ՝ խոսակցություն կընթանա վերջին լարման հանգամանքների մասին, քանի որ սա վերջին մեկ տարվա ընթացքում առաջին, նախկինի համեմատ, լուրջ լարվածությունն էր։ ԵԱՀԿ ՄԽ հիմնական անելիքն այս ուղղությամբ պետք է լինի այսօր, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում կրկին վտանգավոր է, և կողմերը չեն բացառում պատերազմական գործողությունների վերսկսում, սրացնում են իրենց մարտավարությունը, և դա պետք է ահազանգ լինի։

Ըստ իս՝ ՀՀ ՊՆ վերջին հայտարարությունները, ղեկավարի մեկնաբանությունները տվյալ թեմայով՝ ցույց են տալիս, որ հանդիպման օրակարգը Հայաստանի համար հենց այդպիսին է լինելու, քանի որ վերջերս խոսվեց նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին, որոնք ուղղված էին շփման գծի կայունացմանը։ Կարևոր է, որ այս հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ը փորձելու է գործընթացում իր ներդրումն ու ակտիվությունն ունենալ, քանի որ վերջին շրջանում կարիք կար բանակցային գործընթացում վերականգնել համանախագահների ջանքերի հավասարակշռությունը, ինչը ևս կարևոր է։ Կարևոր է նաև այն, որպեսզի Արևմուտքը ևս հակամարտության էությանը տիրապետի այնպես, ինչպես Ռուսաստանը, որը կբարձրացնի արևմտյան համանախագահ երկրների ազդեցությունը ՄԽ-ում»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը։

Նա նշեց, որ համանախագահները՝ հասկանալով զիջումների անընդունելիությունը հակառակորդ կողմերի կողմից, պետք է աշխատեն հրադադարի պահպանման և հնարավոր այլ օրակարգերի ուղղությամբ, այդ թվում՝ հումանիտար պրոյեկտների իրականացման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել