«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում ունեցած իր ելույթում երկրի վարչապետը հիշեցրեց իրենց կուսակցության ծրագրի 4.9-րդ կետը, որով նշվում է, որ առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, և այդ խնդրի լուծման կարևորագույն միջոցներն են արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստան հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:
Տառացիորեն մի քանի օր առաջ էլ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով ակտիվորեն խոսում է սփյուռքի խնդիրների և հնարավոր լուծումների մասին, այդ թվում՝ նաև հայրենադարձության:
Այս համատեքստում խիստ անհրաժեշտ եմ համարում հանրային քննարկման հարթակ տեղափոխել, իմ կարծիքով, բավականին կարևոր մի խնդիր, որի լուծումը կարող է նպաստել հենց հայրենադարձությանը և սփյուռքի հետ էլ ավելի ներդաշնակ հարաբերությունների ստեղծմանը, քանի որ խորապես վստահ եմ, որ միայն հռչակագրային վարքագծով հնարավոր չէ հասնել ձևակերպված խնդիրների լուծմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական կառուցակարգեր:
Խնդիրն այն է, որ մինչև 2011 թվականը մեր երկրում անցկացված բոլոր տեսակի համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցել են արտերկրում գտնվող ու բնակվող ՀՀ քաղաքացիները՝ քվեարկության օրն այցելելով իրենց բնակության վայրի պետությունում գործող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ:
2011թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում՝ բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:
Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաև 2016թ. ընդունված և ներկայումս գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
Կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ շարժառիթներով ու հիմավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում եմ, որ նոր իրողությունների պայմաններում, երբ օրակարգից դուրս է եկել ընտրակեղծիքներով ընտրությունների ելքը կանխորոշող տխրահռչակ ձեռագիրը, ժամանակն է վերացնելու մեր հարյուրհազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքն արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել ևս, որ դրանք, իմ խորին համոզմամբ, հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ, 40-րդ և 48-րդ հոդվածներին:
Վկայակոչված սահամանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, ըստ իս, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու համար այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը՝ անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացին որտեղ է գտնվում: Ավելին՝ գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը Սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար:
Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, ուրեմն՝ պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ բնակվում են արտերկրում, վերաինտեգրվելու Հայաստանին: Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլև հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից:
Այս քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Իրենք պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կամարտահայտությունը և ձայնը շատ կարևոր են Հայաստանի ապագան կերտելու համար:
Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուրհազարավոր քաղաքացիների թեկուզև հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին:
Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն՝ ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը: Սա իսկական բեկում կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն: Ավելին՝ գտնում եմ, որ ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաև ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն:
Հ.Գ. Նկատի ունենալով, որ քննարկվող հարցը շոշափում է հարյուրհազարավոր քաղաքացիների օրինական իրավունքները, շնորհակալ կլինեմ լրատվամիջոցներին սույն հոդվածը տարածելու համար:
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
Փաստաբան, «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն