ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել է «Պանացեա» ընկերության «Նարինե կաթնաթթվային մթերքի» և «Նարինե բակտերիալ խտանյութի» արտադրությունը: Թեև արգելանքի հրամանը ծառայության պետը ստորագրել և հրապարակել է հունիսի 21-ին, բայց երեկ երեկոյան երևանյան որոշ դեղատներում դեռ վաճառվում էր «Պանացեա»-ի «Նարինե» կաթնաթթվային մթերքը (մածունը)՝ հունիսի 22-ի արտադրության:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կրկնակի փորձաքննության ենթարկելով «Պանացեա» ընկերության «Նարինե կաթնաթթվային մթերք» արտադրանքը, հայտնաբերել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Նարինե բակտերիալ խտանյութում»՝եւ՛ ԱՑԽՄ, եւ՛ խմորասնկեր ու բորբոսասնկեր:

«Պանացեայի» տնօրեն Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր պատրաստվում է դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» իրենց արտադրանքը կրկնակի լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար: Նա նշեց, որ լաբորատոր փորձաքննությունները կատարվել են մայիսի 30-ին և հունիսի 11-ին, և երկրորդ անգամ փորձաքննություն կատարելու համար ընկերությունից նոր նմուշառում չի կատարվել, «հետևաբար լաբորատոր փորձարկման ժամանակ արտադրանքը ժամկետանց է եղել»:

Սննդամթերքի անվտանգության ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ռոզա Ավագյանը նշեց, որ իրենք փորձաքննությունը կատարել են՝ գործող կարգի համաձայն:

«Երբ որ փորձարկումը սկսվել է, «Նարինե» բակտերիալ խտանյութը, որում մի քանի շեղումներ են հայտնաբերվել (ԱՑԽՄ, «խմորսանկեր, բորբոսասնկեր), եղել է ժամկետի մեջ: Արձանագրությունը հրապարակվել է հունիսի 14-ին, որովհետև փորձարկման գործընթացը բավական երկար է տևում, բայց արձանագրությունը կապ չունի ոչ նմուշառման, ոչ փորձաքննության սկզբի հետ: Առաջին փորձաքննությունը եղել է մայիսի 31-ին, երկրորդը՝ հունիսի 6-ին. այդ ժամանակ արտադրանքը եղել է ժամկետի մեջ»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ իրենք որևէ ընկերության գովազդով կամ հակագովազդով չեն զբաղվում, և փորձաքննության նպատակը ընկերության արտադրանքի որակը բարելավելն է:

«Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությամբ շուկայում զբաղվում է ոչ միայն «Պանացեա»-ն: Դեղատներում և սուպերմարկետներում վաճառվում է նաև «Անիչկա Մադոյան» ԱՁ-ի և «Զովետի» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք: Անիչկա Մադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առնվազն երեք անգամ ստուգում է իրականացրել. նմուշառում կատարելուց և ուսումնասիրելուց հետո, նրա խոսքով, իրենց արտադրած «Նարինե»-ի մեջ որևէ խախտում չի հայտնաբերվել: Ընկերության պատմությանն մեջ չի գրանցվել որևէ դեպք, որ դադարեցվի արտադրությունը թեկուզ մի քանի օրով: «Զովետի» ՍՊԸ-ն արտադրում է և՛ «Նարինե» խտանյութ և՛ կաթնաթթվային մթերք: «Հստակ չեմ հիշում, բայց մոտ երկու շաբաթ առաջ կատարեցին նմուշառում: Լաբորատոր անալիզից հետո մենք ստացանք ակտը, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ընկերության տնօրեն Նեյման Հայկը:

Ռոզա Ավագյանը նշեց, որ «Պանացեայից» նմուշառում է կատարվել՝ սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով, և եթե նույնիսկ ընկերության արտադրանքի վրա արգելանք չդրվեր, ապա, միևնույն է, հանձնարարական էր տրվելու՝ բարելավելու արտադրության հետ կապված որոշ պայմաններ: «Իհարկե, լաբորատոր փորձաքննությունը նույնպես դեր խաղաց, բայց առանց դրա էլ մեր գործողությունը լինելու էր համանման, այսինքն՝ միևնույն է, հանձնարարական էր տրվելու, գուցե միայն արգելանքը չլիներ»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Վտանգավոր որակված «Նարինեն», փաստորեն, մի քանի օր վաճառվել է դեղատներում: Ռ. Գրիգորյանի խոսքով՝ պատճառն այն է, որ արգելանքի հրամանը տրվել է հունիսի 21-ին՝ աշխատանքային շաբաթվա վերջին օրը, իսկ այդ մասին ընկերության տնօրենին տեղեկացրել են միայն այսօր առավոտյան, առաքիչի միջոցով: «Պանացեայի» վերջին՝ հունիսի 22-ի արտադրանքը, տնօրեն Անի Թորոսյանի խոսքով, այսօր արդեն հետ է կանչվել վաճառքի կետերից:

Ա. Թորոսյանը նշեց նաև, որ իրենք ստացել են սննդամթերքի անվտանգության ծառայութան պետի հանձնարարականը ընկերության արտադրանքի որակի բարելավման վերաբերյալ: «Ունենք վերանորոգման խնդիրներ, անսարք ջերմաչափ, պետք է այդ ամենը կարգավորենք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել