Լեհական վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր և խմբակավար Կարոլ Միկուլին ծնվել է 1819 թ. Ավստրիական կայսրության (ներկայիս Ուկրաինայի տարածք) Չեռնովցի քաղաքում, լեհական հայերի ընտանիքում:

Ապագա կոմպոզիտորի հայրը՝ հայ վաճառական Հակոբ ֆոն Միկուլին, «Մոլդավիա» հյուրանոցի տնօրենն էր: Ընտանիքն ապրում էր քաղաքի հայկական թաղամասում:

Երաժշտությունը Միկուլիների ընտանիքի կյանքի անբաժանելի մասն էր: Կարոլի մոտ երաժշտական տաղանդը նկատվել է դեռ մանուկ հասակում, իսկ նրա դաշնամուրի առաջին ուսուցչուհին դարձել է մայրը:

1844-1847 թթ. դաշնակահարը սովորել է Փարիզում, լեգենդար կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մոտ: Կարոլ Միկուլին կոմպոզիտորի ամենասիրելի աշակերտներից մեկն էր: Երաժշտության համաշխարհային պատմության մեջ Միկուլին անցել է որպես Շոպենի առաջին ամբողջական երկերի հավաքածուի խմբագիր:

Չեռնովցիից հետո կոմպոզիտորը հաստատվել է Լվովում, որտեղ 1985-ից ի վեր գլխավորել է Գալիցիայի երաժշտական ընկերությունը, ապա՝  Լվովի կոնսերվատորիան:

Կոմպոզիտորի հեղինակմանն են պատկանում բազմաթիվ պարեր, պիեսներ, սերենադներ, լեհ, ֆրանսիացի, ռումինացի և գերմանացի բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգեր: Կոմպոզիտորը նաև հավաքում և մշակում էր տարբեր ազգային մշակույթների, այդ թվում՝ հայկական, երաժշտական ֆոլկլյոր:

Բացի այս ամենից՝ Միկուլին նաև բարերար էր: Շնորհիվ նրա նվիրատվությունների՝ Չեռնովցիում կառուցվեց առաջին հանրային գրադարանը, ինչպես նաև նա կրթաթոշակ էր տրամադրում բազմաթիվ տաղանդավոր գիմնազիստներին: Երաժիշտը գտնում էր տաղանդավոր դաշնակահարների, օգնում էր նրանց ստեղծագործական աստիճանով վեր բարձրանալ և դառնում էր նրանց ուսուցիչն ու հովանավորը:

Հայազգի հանրահայտ կոմպոզիտորը մահացել է 1897 թ. մայիսի 21-ին Լվովում:

2019 թ. հունիսի 9-ին քաղաքային իշխանությունների թույլտվությամբ Չեռնովցիում կայացավ երաժիշտի անունով փողոցի և նրա հուշատախտակի բացումը:

«Այս փողոցն անվանակոչվել է ի պատիվ հանրահայտ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, բարերար Կարոլ Միկուլիի»,- գրված է հուշարձանի վրա հայերենով և ուկրաիներենով: Հուշատախտակի պատրաստումն իրականացվել է հայկական համայնքի միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել