Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում աշխատել քայլել ստվերում:
Հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների, ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
Օգտագործել սովորականից շատ ջուր՝ օրական մոտ 3 լիտր, կարելի է օգտագործել նաև թան, հանքային ջրեր, առանց շաքարի բնական հյութեր:
Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
Չգնել բացօթյա պայմաններում պատրասվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք:
Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:
Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում են ջերմատվությունը և արյան շրջանառությունը: