Արմավիրի մարզի Հացիկ, Այգեվան, Խանջյան, Լենուղի, Ջանֆիդա եւ այլ գյուղերի բնակիչներն այսօր դարձյալ փակել են Երեւան-Արմավիր- Գյումրի ավտոճանապարհը:
Պահանջը այս անգամ արդեն վերաբերում է ծիրանի բերքի իրացմանը:
Հիշեցնենք. նախկինում այս քայլին դիմում էին կարկուտից տուժած համայնքների բնակիչները՝ պահանջելով աջակցել իրենց խնդրի լուծմանը: Հիմա արդեն հերթը կարկուտից չտուժած գյուղացիներինն է: Նրանք ծիրանի բավական առատ բերք են ստացել եւ հիմա արդեն իրացման խնդիր ունեն:
Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրացնողներն արհեստականորեն ստեղծում են կրիտիկական իրավիճակ, որպեսզի կարողանան էժան գնով ձեռք բերեն ծիրանը:
Այս պարագայում բացի իրենց չարչարանքի արդյունքը էժան գնով ուրիշին հանձնելուց, գյուղացիներին նաեւ իրենց վարկերի ճակատագիրն է անհանգստացնում:
Ի դեպ, արմավիրցիներին այսօր հանդիպել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով նախ փորձել է սաստել իր մարզի բնակիչներին եւ անգամ խորհուրդ է տվել ծիրանի փոխարեն այլ բան աճեցնել, ապա խոստացել է խնդրի լուծման ուղիներ փնտրել: Նրա տեղեկացմամբ` այսօր ժամը 16:00-ին մարզպետարանում խորհրդակցություն է նախանշված արտահանող ընկերությունների եւ Մաքսային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզպետը նշել է, որ խնդիրը ծագել է հիմնականում վրացական մաքսային օրենսդրության փոփոխության հետեւանքով, եւ իրենք հայ մաքսավորների հետ համատեղ կփորձեն լուծման ուղիներ գտնել: