Ցմահ դատապարտյալների 15-20% -ը չպետք է ցմահ ազատազրկման դատապարտվեին: Ցմահ դատապարտյալները հույս ունեն, որ մի օր իրենք դուրս կգան բանտից և նորից կշարունակեն լիարժեք կյանքով ապրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ցմահ դատապարտյալների հետ աշխատող հոգևորական Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը.

«Շփումների ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ ցմահ դատապարտյալների, ովքեր անկեղծ զղջում են իրենց արարքի ու ապրած կյանքի համար, ավելին` եթե անգամ բանտախցի դռները բացես` նրանք հաստատ չեն գնա: Բոլոր մարդկանց պետք է երկրորդ շանս տրվի` իրենց կյանքն ուղղելու համար»,- ասաց Տեր Գրիգոր քահանան:

Քահանան անդրադարձավ նաև օրերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 22-ամյա Մանվել Հազրոյանի ինքնասպանությանը, ասելով, որ մի քանի անգամ հանդիպել է դատապարտյալին.

«Ցավում եմ երիտասարդի համար: Նրան կալանավայրում երեք անգամ հանդիպել եմ: Ինձ հիմա մեղավոր եմ զգում: Բայց Հայաստանում դատապարտյալները շատ են, իսկ քահանաները` քիչ»,- ասաց տեր Գրիգորը:

Ասուլիսի մյուս բանախոս «Անմեղության հայկական ծրագիր» հ/կ-ի նախագահ Զարուհի Մեժլումյանի խոսքով` Հայաստանում ցմահ դատապարտյալները 102-ն են:

«Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կյանքի ու տարբեր երևույթների վերաբերյալ: Ցմահ դատապարտյալների մեջ հաճախ են հանդիպում բարձր ինտելեկտով մարդիկ»,- ասաց Զարուհի Մեժլումյանն ու ավելացրեց, որ եթե համակարգում աշխատեին կայացած հոգեբաններ, ապա հնարավոր կլիներ կանխել Հազրոյանի ինքնասպանությունը:

Ի պատասխան Զարուհի Մեժլումյանի, ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ մինչև 21 տարեկան երիտասարդներն ընդհանրապես չպետք է դատապարտվեն ցմահ ազատազրկման:

«Մեր դատական համակարգը պետք է վերանայվի, քանի որ ներկայիս համակարգը ոչ թե մարդուն փոխելու, այլ մարդուն պատժելու համար է»,- ասաց հոգեբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել