Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը ընտանիք կազմելն է, երբ գիտակցում ես, որ պատրաստ ես պատասխանատվություն կրել ինքդ քո և նրա հանդեպ, ում սիրում ես: Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ ստիպում են զույգին ամուսնալուծվել.

«Քրիստոնեական դատաստանագրքերում, կանոնագրքերում, իրավական կոդեքսներում կան հանգամանքներ, որոնց դեպքում թույլատրվում են ամուսնալուծություններ: Օրինակ` դավաճանությունը, կողակցի անհետ կորելը, մահը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Այն, ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի (Մատ. ԺԹ.6): Խոսելով այն մասին, որ մարդը չպիտի բաժանի այն, ինչն Աստված միավորել է, Հիսուսն ինքը միաժամանակ մի բացառություն է անում՝ նշելով՝ եթե դա ամուսնական անհավատարմության, պոռնկության պատճառով չէ.

«Աստծուց դրված չէ, որ որևէ մեկը թողնի իր կնոջը և գնա այլ կնոջ հետևից կամ հակառակը. ամուսնալուծությունը մարդահորինված կարգ է: Երկրորդ պսակ կատարում ենք միայն երկու դեպքում՝ մահվան և անհավատարմության: Հոգևոր տեսանկյունից կտրականապես մերժվում է երրորդ պսակի արարողությունը: Մարդ ավելի լավ է առանց ամուսնու մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել»:

Չնայած Հայ Առաքելական եկեղեցին ամուսնալուծություն թույլատրելու հարցում խստապահանջ է և ունի իր դիրքորոշումը, այնուամենայնիվ, այն շատ ընթացիկ իրողություն է դարձել մեր օրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել