ՀՖՖ-ի դիմաց լրագրողներն էին ու ոստիկաններըԱյսօր՝ ժամը 13:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց նախատեսված էր կազմակերպել բողոքի ակցիա:
Կազմակերպիչները, ովքեր ֆեյսբուքյան օգտատերեր էին, լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի և ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տալիս տեղափոխվել «Լիվերպուլ» ակումբ, և ակցիայի նպատակն էր պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Այդ ժամին նշված վայրում միայն լրագրողներն ու ոստիկաններն էին: 

Ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին:

Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ: Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը»:
Հիշեցնենք, որ տարբեր լրատվամիջոցների կողմից լուրեր էին հաղորդվում, որոնց համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Լիվերպուլ» չի կայացել, քանի որ չի եղել համաձայնություն ֆուտբոլիստի տրանսֆերում մասնաբաժին ունեցող Ռուբեն Հայրապետյանի և ռուսաստանյան գործարար Օլեգ Մկրտչյանի հետ:

Այսօր, սակայն, LFC Transfer Update թվիթերյան էջը, որը պատմում է «Լիվերպուլի» տրանսֆերային նորությունների մասին, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով համաձայնության է եկել «Շախտյորի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել