Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց չլուծումը բավականին մեծ խնդիրների առջև է կանգնեցնելու: Խնդիրներից մեկը, ըստ իս, որը բավականին կարևոր է, այն է, որ չկա գաղափարական և ինստիտուցիոնալ պայքար: Գաղափարները մեծ հաշվով իրենց տեղը զիջել են անձերին: Հայաստանում գործընթացների ամբողջ առանցքը պտտվում է անձերի շուրջ: Ըստ էության, բացակայում է «գաղափարական բանավեճ» ասվածը երկրի զարգացման ուղու վերաբերյալ: Այն գաղափարական լճացումը, որը առկա է, վերջում թանկ է նստելու բոլորիս վրա:
Յուրաքանչյուր հասարակության շրջանակներում զարգացած պետություն ունենալու անհրաժեշտ նախապայմաններից մեկը հասարակական-քաղաքական էլիտայում գաղափարական բանավեճերի և գաղափարական բախումների առկայությունն է: Եթե երկրի իշխող ուժը հայտարարում է, որ «-իզմ»-երից հրաժարվում է, ապա դա կոպտագույն ռազմավարական սխալ է: Գաղափարներն ու «-իզմ»-երն են մոդելավորում կառուցվելիք պետության տեսլականը: Եվրոպական երկրներն այսօր եվրոպական երկրներ չէին լինի, եթե նույն այդ «-իզմ»-երն իրենց երկրներում չլինեին: Այդ «-իզմ»-երն են զարգացման տեսլականը ապահովում: -«Իզմ»-երից հրաժարումը նվազագույնը նշանակում է այն, որ մարդիկ պատկերացում չեն ունենալու, թե երկիրն ինչ ուղղությամբ է առաջ գնալու: Շարքային քաղաքացին այսօր պատկերացում չունի, թե, օրինակ, տնտեսության մասով բարեփոխումներն իրենցից ինչ են ներկայացնում, կամ ինչպիսի տնտեսական ուղղվածության քաղաքականություն է իրականացվելու, կամ արտաքին քաղաքականության մասով ինչ քաղաքականություն է իրականացվելու և այլն: Մենք 8-9 հարյուր տարի պետականություն չենք ունեցել, և այժմ միգուցե սա մի փուլ է, որը պետք է անցնենք կայացման ճանապարհին և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի առանց կորուստների դա լինի: