Ժամանակին Ռուսական հեղափոխության առաջնորդն ասել է, որ եթե ցանկանում եք կոծկել մի որևէ խնդիր, ապա այն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծեք։ 
Ակնհայտ է, որ ապրիլյան դիվերսիոն ներխուժումն ուսումնասիրող հանձնաժողովն ստեղծվել է զուտ պոպուլիստական նպատակներով և ոչ թե պարզելու իրականությունը, քանզի ցանկացած լուրջ քաղաքագետի, պետական գործչի, երկրի պաշտպանությամբ մտահոգ հրամանատարի ոչ թե նախավերջին, այլ առաջին քայլը պիտի լիներ պարզել այդ առեղծվածային գործողության հետ կապված բոլոր հանգամանքները, որովհետև այդ խնդիրն իր բացառիկությամբ ուղղակիորեն առնչվում է երկրի անվտանգությանը, ինչպես 94-ին կնքված խայտառակ ու պարտվածին հարիր զինադադարը, որն այդպես էլ չուսումնասիրվեց և չհասկացվեց և հենց այդ պատճառով էլ դաս չեղավ, այդպիսով նախադեպ ստեղծելով ապրիլյան գործողության համար։ Մինչդեռ ժամանակին պետք էր պարզել նույնիսկ այն աննշան բացթողումները, որոնք հանգեցրին նման աղետի և քաղաքական, և ռազմական իմաստով ինչպես 94-ին, այնպես էլ քսաներկու տարի անց՝ ապրիլին։ Սա իսկական փորձանք է պետականության համար և վկայում է այն մասին, որ երկրում չեն եղել և այսօր էլ չկան լուրջ քաղաքական գործիչներ և խմբեր, որոնք տիրապետում են իրավիճակին, գիտակցում են խնդիրը և ինչպես գաղափարապես, այնպես էլ հոգեբանորեն ի վիճակի են շարժել այդ նույն ինքնակոչ «քաղաքական» գործիչների գործունեության հետևանքով ծանծաղուտը խրված նավը․․․ Ըստ էության, տասնամյակներ շարունակ «քաղաքական» պայքարը երկրում ծավալվել է միայն մեկ ուղղությամբ՝ իշխանություն։ Պետություն, հայրենիք, բարեկեցություն, արդարադատություն և այլն․․․ ընդամենը միջոցներ են, որոնցով քողարկվել է և այսօր էլ քողարկվում է զուտ իշխանական գզվռտոցը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել